Անշեղորեն կանոնական պատարագ ենք մատուցելու և հիշատակելու ենք կաթողիկոսի անունը. Շիրակի թեմ

Թեմի հոգևորականները հիշեցրել են` Յոթ Վերք եկեղեցին հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով։
Շիրակի թեմի հոգևորականները կիրակի Սուրբ պատարագ են մատուցելու և հիաշատակելու են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի ու թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները: Այս մասին այսօր հայտարարություն են տարածել թեմի հոգևորականները։
Նշենք, որ դեկտեմբերի 3–ին տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7–ին` 1988–ի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը, պատրաստվում է պատարագի մասնակցել Շիրակի մարզում: Լուրեր էին շրջանառվում, թե Շիրակի մարզի հոգևորականների շրջանում փնտրել են այն քահանային, որը պատարագ կմատուցի և կզեղչի վեհափառի անունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանը գնալու է Սուրբ Հակոբ եկեղեցի, իսկ պատարագը մատուցելու է տեր Ռուբեն քահանա Գասպարյանը: Այնուհետև Տեր Ռուբենին են հանդիպել ԱԱԾ ներկայացուցիչներ: Տեր Ռուբենը շեշտել է, որ չի պատրաստվում զեղչել վեհափառի և սրբազանի անունները։

«Ներքոստորագրյալներս՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Գարեգին Բ սրբազնագույն կաթողիկոս, հիշատակելու ենք մեր հայրապետի և թեմակալ առաջնորդ բարձրաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (հոկտեմբերի 3–ին դատապարվել է 2 տարվա ազատազրկման–խմբ.) անունները»,– ասվում է Շիրակի թեմի հոգևորականների հայտարարության մեջ:

Շիրակի թեմն ընդգծել է` եթե որևէ մեկը, իրենց հոգևորականներից բացի, Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես, Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ մատուցի, ապա դա կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է։
«Այդպիսով կխոչընդոտվի Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ սուրբ պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը: Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով»,– հայտարարել են Շիրակի թեմի հոգևորականները:
Հիշեցնենք, որՆոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ մի քանի եպիսկոպոսներ հայտարարություն են տարածել` դատապարտելով Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ կաթողիկոսի որոշումը, և պահանջում են վերականգնել Հայ առաքելական եկեղեցու սուրբ անունը։ Նույն օրը երեկոյան նրանց ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 29-ին հայտնվեց ևս մեկ տեքստ, որում 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ կոչ են արել Կաթողիկոսին ինքնակամ թողնել իր պաշտոնը։ Փաստաթղթում նրանք ՀԱԵ առաջնորդին մեղադրում են կառավարման կամայական մեթոդների, քաղաքական գործընթացներին միջամտելու և մի շարք այլ գործողությունների մեջ, որոնք, նրանց գնահատմամբ, անհամատեղելի են եկեղեցու ղեկավարի առաքելության հետ:
Հավելենք, որ տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։