ՌԴ–ն դատապարտում է Իրանի դեմ ուժ կիրառելու ամերիկյան քաղաքականությունը. Նեբենզյա
Մոսկվան հորդորում է Վաշինգտոնի և այլ մայրաքաղաքների «տաք գլուխներին» ուշքի գալ և թույլ չտալ, որ կրկնվի 2025 թվականի հունիսի ողբերգությունը, երբ ամերիկա–իսրայելական ագրեսիան գրեթե լուրջ միջուկային աղետի էր հանգեցնում։
Ռուսաստանը դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու քաղաքականությունը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Առավել մեծ մտահոգություն է առաջացնում Վաշինգտոնի` ռազմական ուժ կիրառելու ագրեսիվ քաղաքականությունը և դա Իրանի նկատմամբ կիրառելու սպառնալիքները։ Դատապարտում ենք նման գործողությունները՝ անկախ փաստարկներից, քանի որ դրանք միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են», – ասել է Նեբենզյան Իրանի հարցերով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը գիտակցում է, որ որոշ երրորդ երկրներ ձգտում են ստեղծված իրավիճակն օգտագործել Իրանում անցանկալի համակարգը տապալելու համար։
«Մեր ամերիկացի գործընկերների կողմից այսօր հրավիրած նիստը ոչ այլ ինչ է, քան բացահայտ ագրեսիան և ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելն արդարացնելու հերթական փորձ։ Եվ եթե Իրանի իշխանությունները, ինչպես ասում է Վաշինգտոնը, «ուշքի չգան», ապա նրանք իրանական խնդիրը կլուծեն իրենց սիրելի ձևով՝ հարվածներ հասցնելով «անցանկալի ռեժիմը» տապալելու համար», – ասել է նա։
Ինչպես նշել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը, Մոսկվան հորդորում է Վաշինգտոնի և այլ մայրաքաղաքների «տաք գլուխներին», որոնք ռազմական արկածախնդրությունը կրկնելու ծրագրեր են մշակում, խելքի գալ և թույլ չտալ, որ կրկնվի 2025 թվականի հունիսի ողբերգությունը, երբ ամերիկա-իսրայելական ագրեսիան գրեթե լուրջ միջուկային աղետի հանգեցրեց՝ անխուսափելի մարդասիրական և բնապահպանական հետևանքներով։
