Հայաստան–Ֆրանսիա հարաբերություններում ակնկալվում են կարևոր իրադարձություններ․ Փաշինյանն ընդունել է Դըվինազին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

 ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ բոլոր մակարդակներում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին մեծապես գնահատելի է։

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ այսօր Հայաստանում նկատվում է անդորր, որը միտված է դեպի խաղաղության։ Այդ առումով, Ժիլբեր-Լյուկ Դըվինազն ընդգծել է վարչապետ Փաշինյանի դերը և քայլերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաների։