Մենք հարգում ենք այն ուժն ու վճռականությունը, որ հայ ժողովուրդը դրսևորեց՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները. Թրամփի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղերձում ասված է.

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, որոնք ենթարկվեցին բռնի տեղահանության ու դաժան կոտորածների Մեծ Եղեռնի ընթացքում։ Մենք անսասան համերաշխություն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին՝ այս հիշատակի օրը, որը նվիրված է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած կործանարար իրադարձություններին, և որոնք մինչ այսօր շարունակում են ապրել այդ համայնքների հավաքական հիշողության մեջ։

Մարդկության պատմության այս ծանր էջը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության առանցքում գտնվող հույսի վկայություն։ Մենք հարգում ենք այն ուժն ու վճռականությունը, որ հայ ժողովուրդը դրսևորեց՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա, որը բնորոշվում է կայուն բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կանգնելու նրանց կողքին։

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին շարունակելու են իրենց ջանքերը՝ ուղղված ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելուն։ Իմ վարչակազմը ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ ստեղծելով նշանակալի հնարավորություններ հայ ժողովրդի համար և նպաստելով Հարավային Կովկասում կայուն ու երկարատև կայունության հաստատմանը։ Եվ այժմ ամերիկացիներն ու հայերը կանգնած են կողք կողքի՝ Խաղաղության խորհրդի պատմական հարթակում, միավորված մեր ընդհանուր նպատակի շուրջ՝ բացելու խաղաղության նոր դարաշրջան։

Հայոց հիշատակի այս օրը, սգալով Մեծ Եղեռնի ողբերգության ընթացքում անմեղ զոհերի կորուստը, մենք վերահաստատում ենք մեր սրբազան կոչը` պաշտպանելու անմեղներին, խթանելու խաղաղությունը բոլոր ժողովուրդների միջև և խորին ակնածանք տածելու Ամենակարող Աստծո հանդեպ, ով մեզ պահպանում է յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ընթացքում»։