Փաշինյան. Հայաստանն ու Ադրբեջանը չեն քննարկում հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի հարց
Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները բանակցությունների ընթացքում չեն քննարկում տեղահանված հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:
«Ադրբեջանցիների վերադարձի հարց չենք քննարկել և չենք քննարկում, նաև չենք քննարկում Ղարաբաղի հայերի, Բաքվի հայերի վերադարձի հարց, մնացած տեղերի հայերի վերադարձի հարց: Երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա և մեկը մյուսին թեժացնում են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց՝ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը:
«Սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել, բավարար էֆեկտ չի լինում, մյուս հարցն են էսկալացնում: Դա էժան քաղաքական շահարկում է, ոչ ավելին: Օրինակ՝ Կալուգացի օլիգարխը համոզված եմ, որ չի հասկանում ինչի մասին է խոսում, իրեն հանձնարարում են, ասում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին:
Վերջին օրերին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները պնդումներ են անում, թե «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական կողմին խոստացել է ապահովել 300 հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն»։
Վարչապետը նաև նշեց, որ Հայաստանի կառավարությունը Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ կատարում է ամենօրյա աշխատանք:
«Ե՞րբ կլինեն արդյունքներ, երբ որ կլինեն, կտեսնենք: Ինչո՞ւ եմ այսպես ասում, ոչ թե նրա համար, որ ինչ-որ ինֆորմացիա ունեմ, որը չեմ ուզում կիսել, այլ իմ փորձը ցույց է տալիս՝ մինչև որևէ մեկը սահմանը չի հատել և չի հայտնվել Հայաստանի տարածքում, ազդարարել նման հնարավորության մասին, առնվազն լուրջ չէ»,- ասաց վարչապետը:
Ադրբեջանը շարունակում է ապօրինի անազատության մեջ պահել 19 հայերի, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանք կեղծ մեղադրանքներով դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկումների։
