«Բարգավաճ Հայաստանը» քարոզարշավային օրն անցկացրել է Դավթաշենում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի հերթական օրն անցկացրել են Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորի թեկնածու Լուիզա Սարգսյանը քաղաքացիների հետ շփումներից հետո առանձնացրել է իրենց համակիրների շրջանում կանանց թվաքանակի ավելացումը։

«Օրեցօր մեր համակիրներն ավելի շատանում են, քաղաքացիները մոտենում են, ասում են, որ շատ ողջունում են քարոզարշավը, որն անցնում է կառուցողական մթնոլորտում։ Մենք փորձում ենք մեր քաղաքացիներին փոխանցել մեր ծրագրային դրույթները։ ԲՀԿ քարոզարշավն առանձնացնում են մեր հայրենակիցները։ Կանանց թիվն է շատ մեծ համակիրների շրջանում»,- նշել է Սարգսյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները շրջել են վարչական շրջանում, ներկայացրել իրենց նախընտրական ծրագրի դրույթները։