ՌԴ-ի հետ կլինեն բնականոն հարաբերություններ՝ մեր պայմանավորվածությունների շրջանակում. Նարեկ Կարապետյան
«Ռուսաստանի հետ կլինեն նորմալ հարաբերություններ մեր տնտեսական պայմանավորվածությունների, ինչպես նաև պաշտպանական պայմանավորվածությունների շրջանակում»: Ինչպես հայտնում է NEWS.am-ը, հունիսի 3-ին Երևանում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանը նշել է, որ հայ հասարակությունն իսկապես ունի հարցեր Ռուսաստանին, և իրենք վստահ են, որ կստանան դրանց պատասխանները՝ երկկողմ կապերի ամրապնդման համար։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դաշինքը հավատարիմ է բոլոր այն համաձայնագրերին, որոնք Հայաստանը նախկինում ստորագրել է, և հետևողականորեն գնալու է այդ ուղղությամբ։
Մեկնաբանելով լրագրողների այն հարցը՝ արդյո՞ք կարելի է հարաբերությունները համարել դաշնակցային այն ֆոնին, որ Ռուսաստանը գրեթե ամբողջությամբ արգելել է հայկական ապրանքների արտահանումը, Նարեկ Կարապետյանը կոչ է արել իրավիճակին ավելի խորքային նայել։ Նա շեշտել է, որ դրան նախորդել են տարբեր բարդ գործընթացներ, սակայն այժմ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ խուսափելու հետագա սառեցումից և պահպանելու լավ առևտրային հարաբերությունները։
