Արևմուտքի նկատմամբ կույր վստահությունը չար կատակ խաղաց. Պուտինը՝ ԽՍՀՄ–ի փլուզման մասին

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Արևմուտքն ուզում էր աշխարհը հարմարեցնել իրեն։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արևմուտքի նկատմամբ կույր վստահությունը և խոսքերին հավատալու պատրաստ լինելը չար կատակ խաղաց ԽՍՀՄ–ի ուշ շրջանի ղեկավարության հետ։ Այս մասին «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով` խորհրդային առաջնորդները ցանկանում էին դուր գալ Արևմուտքին, իսկ արևմտյան առաջնորդները ցանկանում էին աշխարհը հարմարեցնել իրենց և խորհրդային ժառանգությունից հնարավորինս մեծ կտոր ստանալ, պոկել։
Ռուսաստանի նախագահի խոսքով` ԽՍՀՄ–ի փլուզումը խորհրդային ղեկավարության մի քանի սերունդների ներքին անհավասարակշռության և սխալների հետևանք էր:
«Պրագմատիզմի փոխարեն նեղ և ոչ ադեկվատ գաղափարական կաղապարները, ոչ պրոֆեսիոնալիզմը և ակնհայտ խնդիրները միտումնավոր թաքցնելը քայլ առ քայլ սրեցին երկրի իրավիճակը», — նշել է նա:
Նրա գնահատմամբ՝ պետության փլուզումը իսկական ողբերգություն դարձավ տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, որոնք մեկ գիշերվա մեջ արթնացան արտասահմանում։
Պուտինը կարծում է, որ Արևմուտքում դեռևս կա Ռուսաստանի մասին խոսույթ՝ «Մենք պետք է վերջնականորեն կործանենք կայսրությունը»։ Եվ սա՝ չնայած Ռուսաստանի՝ արևմտյան քաղաքակրթության մաս դառնալու բազմամյա փորձերին։ Նա վստահ է, որ եզակի երկիր կառուցած նախնիների ժառանգությունը պետք է ամրապնդվի, բայց առանց ապագայի անցյալը կորցնում է իմաստը:
Պուտինի խոսքով՝ պետության իրական հզորությունը հնարավոր չէ առանց ժամանակին համընթաց քայլելու, իսկ կատարյալ տարբերակը ժամանակից առաջ անցնելու կարողությունն է: