Կառավարությունը թքած ունի գյուղացու խնդիրների վրա և ընդհանրապես տնտեսության ոչ մի ճյուղի զարգացման ծրագիր չունի. Միշա Գալուստյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Միշա Գալուստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինքնին հասկանալի է, որ վարչապետի աթոռին զոդված մարդա մեկը մարզային այցերի ժամանակ չէր խոսելու աշխարհաքաղաքական զարգացումներից, նախ’ որովհետև ինքը դրանից բացարձակ գաղափար չունի, երկրորդը’ գյուղացուն դա քիչ է հետաքրքրում։

Առաջիկայում գյուղատնտեսական տարվա սկիզբն է և մարդիկ ակնկալում են լսել, թե պետությունը ինչ ծրագրեր ունի գյուղմթերքների արտադրման ծավալները ավելացնելու ուղղությամբ։ Թե ինչ ծրագրեր կան սերմերի և թունաքիմիկատների ձեռք բերման համար, ինչպես է կազմակերպվելու ոռոգումը, հակակարկտային ծրագրերը, ինչպես է աշնանը կազմակերպվելու մթերումը։ Այս հարցերից է կախված կմնա այդ մարդը իր հողին կպած, թե կմեկնի արտագնա աշխատանքի? Գյուղացին երկու տարբերակով էլ իր ընտանիքի ապրուստը կապահովի, բայց երկրորդ դեպքում վտանգվում է պետության սննդային անվտանգությունը։

Բայց այս ամենը նրանք չեն լսելու, քանի որ կառավարությունը թքած ունի գյուղացու խնդիրների վրա և ընդհանրապես’ տնտեսության ոչ մի ճյուղի զարգացման ծրագիր չունի, շարժվում են “լույսը կբացվի, բարին հետը” կարգախոսով։

Փոխարենը գյուղացիների ականջներից կախվում է հեքիաթ, թե բա բուհերի շենքերը վաճառելու ենք, տեղը ակադեմիական քաղաք կառուցենք։ Հերթական անհեթեթ հայտարարությունը, որը ոչ միայն գյուղացուն, այլ ՀՀ որևէ քաղաքացու բացարձակ չի հետաքրքրում։ Դատարկ խոսքերի տարափ է, տեսիլք ստեղծելու, իբր իրենք լուրջ գործերով են զբաղված։

Հողատուն, որը մատը մատին չի խփում գերիների վերադարձը կազմակերպելու, մեր սահմանների անխախտությունը պահելու ուղղությամբ, ասպարեզից վերացրել է Արցախի ինքնորոշման հարցը, բարեկամության կոչ է անում այն երկրների հետ, որոնց ղեկավարները ամենօրյա ռեժիմով բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում Հայաստանի հասցեին, միաժամանակ երկրի ներսում հրահրում է քաղաքացիական բախումներ, օր առաջ պետք է հեռանա և հանձնվի իրավապահ մարմիններին։ Նույնը պետք է անեն նաև նրան ծափահարողներն ու սատարողները։ Այլ “հումանիտար միջանցք” գոյություն չունի։»