Սլովակիայի կառավարությունը հրաժարական է տվել «Սպուտնիկ V»-ի հետ կապված ճգնաժամի պատճառով

News.am-ը գրում է.

”Իգոր Մատովիչը հեռացել է Սլովակիայի վարչապետի պաշտոնից՝ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների պատճառով, հայտնում է РБК-ն: Սլովակիայի կառավարությունը հրաժարական է տվել կառավարական ճգնաժամի պատճառով՝ կապված Իգոր Մատովիչի կողմից «Սպուտնիկ V»-ի ձեռքբերման հետ: Նոր կառավարությունը կգլխավորի Էդուարդ Հեգերը:

Սլովակիայի Նախագահ Զուզանա Չապուտովան ստորագրել է Մատովիչի հրաժարականի դիմումը եւ ֆինանսների նախարարության ղեկավար Էդուարդ Հեգերին հանձնարարել է նոր կառավարություն կազմել:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին վարչապետ եւ իշխող «Սովորական մարդիկ եւ անկախ անհատներ» (OLNL) կուսակցության առաջնորդ Իգոր Մատովիչը հայտարարել էր, որ հեռանում է վարչապետի պաշտոնից՝ կառավարական ճգնաժամը կարգավորելու համար, եւ կառավարության ղեկավարի պաշտոնը փոխանցում է կուսակցությունում իր գործընկեր Հեգերին, իսկ ինքը պատրաստ է գլխավորել ֆինանսների նախարարությունը:”