Ի՞նչ խնդիրներ է առաջացնում AstraZeneca պատվաստանյութը, ինչո՞ւ են Եվրոպայում հրաժարվում դրանից. Գերմանիայում աշխատող հայազգի բժիշկը մանրամասնում է — 168.am

Գերմանիայում արդեն տևական ժամանակ մասնագիտական բավականին լայն շրջանակներ ակտիվորեն քննարկում են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո գլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը։

2.3 միլիոն մարդ Գերմանիայում արդեն իսկ ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափը, և շուրջ 800 մարդ՝ երկրորդ չափաբաժինը։ Սակայն ավելի քան 30 պացիենտների մոտ պատվաստանյութի ներարկումից 6-10 օր հետո, որպես բարդություն, առաջացել է գլխուղեղի երակային համակարգում թրոմբոզ, և դրանցից մի քանիսը՝ անգամ մահացու ելքով։ Այդ իսկ պատճառով՝ այս պահին գործում են խիստ սահմանափակումներ AstraZeneca պատվաստանյութի կիրառելիության նկատմամբ։

Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցել է բժիշկ-նյարդաբան, Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի ասպիրանտ Սարգիս Աբրահամյանի հետ:

Որպես նյարդաբան՝ կմանրամասնեք՝ ի՞նչ է գլխուղեղի թրոմբոզը, և ինչքանո՞վ է այն վտանգավոր։ 

– Գլխուղեղի երակային համակարգում և երակածոցերում թրոմբոզի առաջացումը, որպես առանձին հիվանդություն, բավականին լավ ուսումնասիրված է և հայտնի է նյարդաբանության մեջ։ Այն հիմնականում առաջանում է երիտասարդների մոտ, և կանայք երկու անգամ ավելի հաճախ են ունենում տվյալ խնդիրը։

Թրոմբոզի առաջացման պատճառները բավականին տարբեր են և ուղիղ կապ ունեն այնպիսի ռիսկի գործոնների հետ ինչպիսիք են ծխելը, հակաբեղմնավորիչ հաբերի կիրառումը, հղիությունը, արյան մի շարք հիվանդությունները, չարորակ գոյացությունների և աուտոիմուն հիվանդությունների առկայությունը։

Թրոմբի առկայությունը գլխուղեղի երակներում հանգեցնում է ներգանգային ճնշման բարձրացմանը, որը կարող է ունենալ տարբեր կլինիկական դրսևորումներ։ Ամենահաճախ հանդիպող դրսևորումը գլխացավն է, սակայն կարող են ի հայտ գալ մի շարք այլ նշաններ՝ տեսողության խանգարում, գիտակցության խանգարումներ, ընդհուպ՝ մինչև ցնցումների առաջացում։

– Ի՞նչ գանգատներ են ունենում հիվանդները պատվաստումից հետո, և ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի։ 

– Քանի որ տվյալ խնդիրը հիմնականում առաջանում է երիտասարդների մոտ, այդ իսկ պատճառով այս պահին AstraZeneca պատվաստումը Գերմանիայում իրականացվում է միայն 60 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Տվյալ տարքային շեմից բարձր խմբերում հավանականությունը տվյալ բարդության առաջացման բավականին ցածր է։ Սակայն, եթե պատվաստումից 6-10 օր հետո առաջանում է գլխացավ և շարունակում է անհանգստացնել մարդուն՝ օրեր շարունակ, և եթե ցավազրկողների ընդունումն օգտակար չէ, անհրաժեշտ է դիմել բժշկի։

– Եթե խոսքը թրոմբի առաջացման մասին է, ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ տվյալ մարդկանց մեծ մասի մոտ գրանցվել է ոչ թե թրոմբոցիտների քանակի բարձրացում, այլ ընդհակառակը՝ թրոմբոցիտների քանակը եղել է բավականին ցածր։

– Բավականին հետաքրքիր հարցադրում է, և կարծում եմ՝ կարևոր է անդրադառնալ այս հարցին։ AstraZeneca պատվաստանյութից հետո առաջացած թրոմբոզի մեխանիզմը մի փոքր այլ է մեզ հայտնի մեխանիզմներից։

Գրայֆսվալդի համալսարանական կլինիկայի իմունաբանության և փոխներարկման բժշկության աշխատանքային խումբը հետազոտել և հրապարակել է AstraZeneca պատվաստանյութի և թրոմբոզի առաջացման մեխանիզմը։ Ըստ այդմ, իմունային համակարգն ակտիվանում է և արտադրում հակամարմիններ՝ սեփական օրգանիզմի թրոմբոցիտների նկատմամբ։ Դրա արդյունքում նվազում է թրոմբոցիտների քանակն արյան մեջ, սակայն այդ պրոցեսի արդյունքում նաև մեծանում է թրոմբոցիտների ագրեգացիոն հատկությունը, որն էլ պատճառ է դառնում գլխուղեղի երակային համակարգում թրոմբի առաջացման։

Այս մեխանիզմը նման է մասնագետներին հայտնի հեպարին-հարուցված թրոմբոցիտոպենիա առաջացմանը, և դրա իմացությունը նյարդաբանների համար կարևոր է, քանի որ դրանով պայմանավորված բուժումն էականորեն տարբերվում է մեզ հայտնի գլխուղեղի երակների և երակածոցերի ժամանակ կիրառվող բուժումից։

<…>

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք 168.am կայքում