Պետք է դուրս գալ «Թուրքիան մեր թշնամին է», կամ «Թուրքիան մեր թշնամին չէ» պատկերացումներից. Անի Սամսոնյան

Analitik.am-ը գրում է.

«Մենք ծրագիր ենք ներկայացնելու, որտեղ կա անվտանգության և արտաքին քաղաքականության բաղադրիչ ու այդ երկու բաղադրիչներով մենք քաղաքացիներին կասենք մեր լուծումների ու մեր պատկերացնումների մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը՝ խոսելով Թուրքիայի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի մասին:

Արդյո՞ք իրենք կփորձեն Թուրքիայի հետ երկխոսության եզրեր գտնել: Սամսոնյանն ասաց, որ հարցին պետք է մոտենալ հավասարակշռված. «Մենք պետք է հարցին մոտենանք հանդարտ կերպով, առանց պարզունակ մոտեցումների, դուրս գալով Թուրքիան մեր թշնամին է, կամ Թուրքիան մեր թշնամին չէ, այդ պատկերացումներից:

Մենք ունենք արտաքին ու ներքին անվտանգության լուրջ խնդիրներ, մենք չենք կարողանում այսօր մեր հարաբերությունները նորմալ կարգավորել մեր բարեկամ երկրների հետ, ուր մնաց՝ մեր հակառակորդ երկրների հետ, ովքեր ամեն օր մեզ ֆիզիկապես սպառնում են»:

Սամսոնյանն ասաց, որ մենք ունենք հակառակորդներ, ներքին անվտանգության խնդիր, ովքեր սպառնում են մեր գոյությանը՝ որպես էթնոս, որպես ազգ, իրենց հետ հարաբերությունները պետք է կառուցվի ըստ այդմ:

Թուրքիային Սամսոնյանն այդպիսին համարում է, քանի որ Ադրբեջանի նախագահը և Թուրքիան օրեցօր սպառնում են մեզ:

Նա Թուրքիային ու Ադրբեջանին թշնամի համարում է. «Ինչպե՞ս կարող ես որևէ մեկի նկատմամբ բարեկամաբար տրամադրվել, եթե նա սպառնում է քեզ ֆիզիկապես ոչնչացնել»:

Պատգամավորի համար նաև տարակուսելի է, թե ինչու են Հայաստանին խաղաղասիրության կոչերը պարտադրվում. «Մե՞նք ենք ագրեսիա ցուցաբերում, մեր նկատմամբ են ցուցաբերում: Թող խաղաղասիրության կոչեր պարտադրեն նրանց, ովքեր սպառնում են ոչնչացնել մեզ»: