Ինձ մոտ հստակ տպավորություն է, որ Նիկոլի գործը դեռ կիսատ է, և դեռ Արցախից մնացած բեկորները պետք է «ինտեգրվեն» Ադրբեջանին. Նաիրա Կարապետյան
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Նաիրա Կարապետյանն, անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահ Թուրալ Գյանջալիևի հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հետևում եմ Թուրալ Գյանջալիևի հայտարարության հետ կապված արձագանքներին և պարզապես զարմանում:
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահը, ով Ադրբեջանի պարլամենտ է ընտրվել «թիվ 122 ընտրատեղամասից», որը Ստեփանակերտն է, հիմա էլ հայտարարում է, թե քանի որ «ներկայացնում է» Ստեփանակերտի բոլոր բնակիչներին, ապա շուտով գրասենյակ է բացելու այստեղ, և հիմա Ստեփանակերտում հարմար տեղ են փնտրում:
Երբ նա «ընտրվեց» պատգամավոր և անդամագրվեց խորհրդարանական խնդրահարույց պատվիրակություններում՝ ԵԽԽՎ, Եվրանեստ, ԵԱՀԿ ԽՎ, երբ հանդիպում էր տարբեր դեսպանների հետ, ինչո՞ւ էիք լռում:
Երբ այս նույն գրասենյակի բացման մասին նա վերջերս խոսեց ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ Բաքվում, ինչո՞ւ էինք լռում:
Երբ այս նույն տղան հայտարարեց, թե Շուշիի բերդի երեք դարպասները ադրբեջանական պատմական երեք քաղաքներ են տանում՝ Երևան (Իրևան), Գանձակ (Գյանջա) և Ծիծեռնավանք (Աղողլան), ինչո՞ւ էիք լռում:
Երբ նա մինչև պատերազմն անհեթեթություններ էր հայտարարում, թե իբրև «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչ» մշտական կապի մեջ է Ստեփանակերտի հայ բնակիչների հետ և շուտով զբաղվելու է նրանց խնդիրներով, ինչո՞ւ էիք լռում:
Իսկ հիշո՞ւմ եք, թե երբ և ինչպես հենց մեր՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը դրեց շրջանառության մեջ «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչ» արտահայտությունը:
Իսկ հիշո՞ւմ եք, թե երբ և ինչպես, և կարևորը՝ ում կողմից սկսեց զրոյացվել Արցախի Հանրապետության բարձր սուբյեկտայնությունը՝ այն հավասարեցնելով այս ՀԿ-ի հետ:
Հիմա ինչո՞ւ սկսեցիք քննարկել և անգամ արձագանքել, թե «գրասենյակի տեղը կարող են փնտրել միայն քարտեզի վրա»:
«Միայն քարտեզի վրա» գրասենյակը փնտրելու համար աշխատանք է պետք, մեծ ծավալով դիվանագիտական գրագետ աշխատանք, որը պետք է արդեն 5 ամիս 24-ժամյա ռեժիմով սկսված լիներ:
Եվ իհարկե մեծ կամք է պետք, վճռականություն, և կարևորը՝ նպատակ, ինչը երկու հայկական պետությունների ղեկավարների մոտ, մեղմ ասած, չի երևում:
Ինձ մոտ հստակ տպավորություն է, որ Նիկոլի գործը դեռ կիսատ է, և դեռ Արցախից մնացած բեկորները պետք է «ինտեգրվեն» Ադրբեջանին:»
