ՌԴ-ն պատրաստ է օգնել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատմանը․ Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված նախաձեռնություններին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք չենք կարող չողջունել այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Դրա համար հուսալի հիմք են ծառայում անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս ամեն կերպ աջակցել նման գործընթացներին: Իհարկե, Ադրբեջանը և Հայաստանը դեռ գտնվում են փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման, երկկողմ հարաբերությունների կարգավորման դժվարին ճանապարհի սկզբում: Կարևոր է, որ այդ առաջընթացն ուղեկցվի դրական ֆոնով, այդ թվում՝ տեղեկատվական» – ասել է Զախարովան։
Ըստ Զախարովայի, ադրբեջանական և հայ ընկերների հետ փոխգործակցություն ստեղծելու համար դեռ շատ դժվարություններ կա հաղթահարելու:
«Մենք շեշտում ենք, որ Հարավային Կովկասի կայունությունն ու կայուն տնտեսական զարգացումը համապատասխանում են այս տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերին: Մենք ակնկալում ենք, որ գործնական հարցերում կողմերը կձգտեն ավելի շատ քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը և վստահության մթնոլորտ ստեղծելուն, այլ ոչ թե նոր բաժանարար գծեր», — ավելացրեց դիվանագետը:
