Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին. Ամատունի

Armeniasputnik.am-ը գրում է.

«Զառա Ամատունու խոսքով` հարազատների հետ գերիների կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նա հայտնեց, որ այդ հաղորդագրությունն արդեն իսկ փոխանցել են բոլոր այն ընտանիքներին, որոնց հարազատին տեսակցել են Ադրբեջանում։ Ամատունին նշեց` հարազատների հետ գերիների կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել։

Իսկ ինչ վերաբերում է տեսակապի միջոցով շփմանը, Ամատունու խոսքով` նման հնարավորություն դեռևս մեր տարածաշրջանում չի եղել, սակայն ամեն ինչ կախված է այդ գործընթացում ներգրավված իշխանությունների համաձայնությունից։

«Մենք մեր կողմից շարունակաբար փորձում ենք կազմակերպել այն հնարավորը, ինչը թույլ է տալիս, որ հարազատների հետ կապի մեջ լինեն գերիները, քանի դեռ անազատության մեջ են»,–իր խոսքն ամփոփեց Ամատունին։

Հավելենք, որ արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր վերադարձվել է 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում, ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։

Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ մնացածները «ահաբեկիչներ» են։»