Ցույցեր Վրաստանում․ Ռիոնիի կիրճը 99 տարով փոխանցվել է թուրքական ընկերությանը

Hy.armradio.am-ը գրում է.

Վրաստանում Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիաները գնալով էլ ավելի հակաթուրքական բնույթ են ստանում․ արևմտյան Վրաստանի Ռիոնի կիրճը թուրքական կողմին է հանձնվել 99 տարի ժամկետով:

Մայիսի 9-ին ցույցը Քութայիսիից տեղափոխվելու է մայրաքաղաք Թբիլիսի։ Սակայն ՀԷԿ-ի կառուցման դեմ հանդես եկողները մտավախություն ունենալով, որ կառավարությունը մինչ այդ նոր սահմանափակումներ կմտցնի՝ վերջնաժամկետ է ներկայացրել․

Արևմտյան Վրաստանում՝ Քութայիսիի մոտակայքում (Իմերեթի շրջան) գտնվող Ռիոնի գետի կիրճում Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ ակցիաները շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Թեև բողոքի ակցիաների ֆոնին կառավարությունը որոշում է կայացրել մոտ մեկ տարով դադարեցնել շինաշխատանքները, այդուհանդերձ ցուցարարները վերջնաժամկետ են ներկայացրել։ Կառավարությունն այսօր պետք է պատասխանի՝ խզում է ՀԷԿ-ի կառուցման՝ թուրքական ընկերության հետ պայմանագիրը, թե՞ ոչ։

Ռիոնի գետի էկոհամակարգի ոչնչացում, սողանքների ակտիվացում, գյուղերի ոչնչացում, եթե սկզբում սրանք էին ակցիայի մասնակիցների առաջ քաշած հարցերը, ապա այսօր առաջնայինը՝ Ռիոնի կիրճը (մոտ 600 հա) թուրքական ընկերությանը փոխանցելն է․ «Ուզում են տիրանալ մեր հող ու ջրին։ Սա հակապետական քայլ է․ մեր կառավարությունն է սխալ թույլ տվել, հիմա պետք է շտկի» ։

«Նամախվանի նախագիծը», որ ներառում է երկու հիդրոէլեկտրակայանների կառուցում Իմերեթիում, իրականցվում է թուրքական ENKA ընկերության կողմից։ Վերջինս որպես հիմնական ներդրող ու կապալառու, տիրապետում է կառուցումն իրականացնող Enka Renewables ընկերության բաժնեմասերի 90%-ին (միայն 10% բաժնեմասը նորվեգական Clean Energy Group ընկերությանն է):

Այսպիսով Վրաստանի Ռիոնի կիրճի մի զգալի տարածք տրվել  է թուրքական կողմին 99 տարի ժամկետով։ Ակցիայի մասնակիցները, որ ստեղծել են «Ռիոնի կիրճի պաշտպաններ» շարժումը այստեղ խաչեր են տեղադրում, սրբապատկերներ բերում՝ հայտարարելով, որ չեն ցանկանում թուրքական ընկերություն իրենց երկրում։ Այս ամենի ֆոնին ակցիաները Վրաստանում Թուրքիայի դեսպանը հակաթուրքական ու հակամուսուլմանական է անվանել։

«Ռիոնի պաշտպաններին» են միացել նաև հոգևորականներ։ Վրաց պատրիարքարանի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Անդրիա Ջագմաիձեի հայտարարությամբ․ «100 տարով հողերի փոխանցումը օտարերկրյա ընկերությանը հարցեր է առաջացնում: Դա խնդիր է։ Մինչ պայմանագիր ստորագրելը պետք է ներկայացվեր հանրությանը, որպեսզի նման անակնկալ չլիներ»

Ռիոնի հովտում կառուցվող  «Մահվան ամբարտակ» անվանումը ստացած նախագիծը, ըստ ակցիայի մասնակիցների ու տեղի բնակիչների, կարող է ջրի տակ առնել հովտի 18 գյուղեր։ Վրաստանի այս շրջանում են խաղողի ամենաթանկ տեսակները, խաղողագործության եզակի միկրոգոտիները, Տվիշի գինին։

Բողոքի ակցիաների ֆոնին ստեղծված փորձագիտական խորհուրդը սկսել է առաջ քաշված հարցերի ուսումնասիրությունը։ Խորհրդի անդամ Ամիրան Սալուկվաձեն «Ռադիոլուրին» ասում է, որ հակաթուրքական որոշ հայտարարություններ եղել են, այս պահին նման տրամադրությունները մարել են․

«ՀԷԿ-ի ի կառուցմանը դեմ դուրս եկած քաղաքացիներին այս պահին հիմնականում հուզում է հողը օտարերկրյա ընկերությանը մոտ հարյուր տարով փոխանցման հարցը։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք պայմանգիրը, քննարկումներ կազմակերպելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ, վերջում որոշում կլինի՝ շարունակվում է ՀԷԿ-ի կառուցումը, թե մեկընդմիշտ դադարեցվում»։

Երկրի իշխանությունների՝ ՀԷԿ-ի կառուցման փաստարկը անկախ էներգետիկ համակարգ ունենալն է, ակցիայի մասնակիցների համար, սակայն, ռազմավարական օբյեկտի շահագործումը թուրքական ընկերության կողմից էներգետիկ անկախության երաշխիք չի կարող լինել։»