Հրապարակված հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ փաստաթուղթը հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Mikayel Minasyan-ի կողմից հրապարակված ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հերթական հակահայկական և հակասահմանադրական փաստաթուղթն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը:
Նա պնդում է, որ ըստ տարածված հավաստի տեղեկատվության, այս փաստաթղթի ստորագրմանը կտրուկ դեմ է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
«Փաստաթուղթը հակասահմանադրական է, քանի որ
- իր բովանդակությամբ քաղաքական բնույթի միջազգային պայմանագիր է, օրինակ՝ սահմանում է դելիմիտացիայի իրականացման սկզբունքները, ժամկետները, դելիմիտացիոն հանձնաժողով ձևավորելու կարգը և ամենակարևորը նախատեսում է ՀՀ պարտավորությունը ճանաչել ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանները՝ ըստ հայտարարության մեջ նախատեսված պայմանների և ընթացակարգի,
- Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, ուստի՝ Հայաստանն այս պահին չունի վարչապետ, իսկ մեկ ամսից՝ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ և ձևավորվելու է նոր կառավարություն:
- Հետևաբար, Հայաստանում այս պահին չկա պատշաճ սահմանադրաիրավական մարմին, որն իրավասու է բանակցել ՀՀ հետագա ճակատագրի համար անկյունաքարային այս փաստաթղթի շուրջ:
Ճիշտ է, իշխանական սատելիտները կարող են փորձել փաստարկել, որ
ա) Փաշինյանը հանդիսանում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ինչն իրավական տեսանկյունից, մեղմ ասած, վիճահարույց է, եւ
բ) վարչապետի պաշտոնակատարը կարող է իրականացնել վարչապետի բոլոր լիազորությունները, ինչը գործող օրենդրության շատ սահմանափակ մեկնաբանություն է:
Սահմանադրության ոգու համաձայն՝ բարձրագույն իշխանություն կրողը՝ ժողովուրդը, մեկ ամսից ձևավորելու է նոր իշխանություն, իսկ կառավարության անդամների ժամանակավոր պաշտոնակատարները պետք է ունենան միայն այնքան լիազորություն, որքան անհրաժեշտ է կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու հանար՝ մինչև նոր կառավարության ձևավորումը։
Ժամանակավորապես պաշտոնավարող կառավարությունը չի կարող կատարել այնպիսի գործողություններ կամ ստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք ճակատագրական են պետության համար:
Հատկապես այն դեպքում, երբ անգամ Փաշինյանն է ընդունել, որ չունի նախկին հանրային վստահությունը, ինչի պատճառով գնում է արտահերթ ընտրությունների:
Այսինքն, նա ընդունում է, որ այս փուլում չունի ժողովրդի կողմից տրված մանդատ՝ բանակցելու և ստորագրելու ՀՀ ապագայի տեսանկյունից այս վճռորոշ եւ հակասահմանադրական փաստաթուղթը:
Ավելին՝ Ադրբեջանի հետ դելիմիտացիոն բանակցություններն անթույլատրելի են, քանի դեռ՝
- Ադրբեջանում պահվում են հայ ռազմագերիներ. քանի որ, ինչպես այս հայտարարարության ստորագրման փուլում, այնպես էլ՝ դրա իրականացման ընթացքում Ադրբեջանն անընդհատ օգտագործելու է հայ ռազմագերիներին որպես կոպիտ ճնշման գործիք՝ փորձելով խաղարկել այդ հարցն ամեն վիճահարույց իրավիճակի, անգամ՝ բլրակի կամ հարյուր մետրի մասով նշված յուրաքանչյուր հարցով՝ հանգեցնելով հակահայկական հետևանքների,
- Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, այսինքն՝ այս բանակցությունները՝ դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացվում են բացահայտ սպառնալիքի ներքո, ինչը կրկին անգամ հանգեցնելու է հակահայկական հետևանքների,
- դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթը, ինչպես նաև այդ գործընթացի իրականացումն անմիջապես հետպատերազմյան շրջանում, երբ հայկական կողմը և հասարակությունն ունի պարտված հոգեբանություն, իսկ Ադրբեջանն իրեն դրսևորում է որպես անզիջում մաքսիմալիստ, որևէ դեպքում հաշվի չեն առնվելու հայկական կողմի շահերը:
Հայ ժողովրդին ժամանակ է պետք վերականգնելու հավատքը սեփական ուժերի, պետականության և բանակի նկատմամբ, և, քանի դեռ, դա տեղի չի ունեցել, նշված հարցի վերաբերյալ ցանկացած գործընթաց կրկին հանգեցնելու է հակահայկական հետևանքների:
Հետևաբար, Mikayel Minasyan-ի կողմից հրապարակված հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթն իր էությամբ և բնույթով հակասահմանադրական և հակահայկական փաստաթուղթ է, որը հանգեցնելու է կործանարար հետևանքների և մահացու հարված է հասցնելու հայոց պետականությանը», — համոզված է սահմանադրական իրավունքի փորձագետ։
