Անկարան արձագանքել է Թուրքիայի վերաբերյալ ԵԽ-ում ընդունված զեկույցին

 

Թուրքիայի արտգործնախարարությունը և այդ գերատեսչության խոսնակ Թանժու Բիլգիչը 2 առանձին հայտարարություններով արձագանքել են մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի զեկույցին: Նշյալ զեկույցում, ի թիվս այլ թեմաների, խոսվել է նաև արցախյան պատերազմում Թուրքիայի բացասական դերի մասին, ինչպես նաև Անկարային կոչ է արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիան չի կարող ընդունել այս խորհրդատվական որոշումը, հատկապես այս ժամանակահատվածում, երբ «ջանքեր է գործադրվում ԵՄ-ի հետ հարաբերություններում անդամակցության հեռանկարի վրա հիմնված դրական օրակարգ ձևավորելու համար»:

<…>

ԵԽ-ի զեկույցում Հայաստանին ու սփյուռքին վերաբերող որոշ հատվածները ձևակերպված են հետևյալ կերպ.

— Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:

— Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:

— Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:

— Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի:

 Բացի այդ՝

— Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:

— ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու Գորշ գայլեր ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում;

— ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:   

Աղբյուր`    Ermenihaber.am