Բոլոր միջոցները ձեռնարկվում են գերեվարվածներին շուտափույթ վերադարձնելու համար. ՀՀ նախագահի և ՊՆ ղեկավարի հեռախոսազրույցը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում գտնվող՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Հանրապետության նախագահին տեղեկություններ է հայտնել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու հերթական դեպքի և ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարելու վերաբերյալ, նշելով, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են վերջիններիս շուտափույթ վերադարձնելու համար:

Անդրադարձ է եղել նաև սահմանային իրավիճակին: Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ իր այցը Մոսկվա կապված է նաև ստեղծված իրավիճակի կարգավորման հետ:

«Հանրապետության նախագահն անհետաձգելի է համարել անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, համապատասխան բոլոր մարմինների, հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը մեր զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ: Նա միաժամանակ նշել է, որ ամեն ինչ պետք է անել նման դեպքերը բացառելու, մեր զինծառայողների և քաղաքացիների անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունն ու պատշաճ պաշտպանությունը ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները համարում է միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում, որոնք պետք է արժանանան միջազգային հանրության ամենախիստ հակազդմանն ու գնահատականին: Համապատասխան քայլեր ձեռնարկելու հետ մեկտեղ նա կարևորում է միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքի շարունակումը: