Արթուր Վանեցյան. Քվեարկում եմ հանուն մեր ապահով Հայաստանի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի

«Այսօր քվեարկում եմ հանուն արժանապատիվ, բարեկիրթ, ապահով Հայաստանի, հանուն մեր մեծ հայրենիքի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի»,- նախքան քվեարկելը լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա հիշեցրեց՝ ավելի վաղ ասել է, որ այսօր ուղղակի ընտրություններ չեն, Հայաստանի լինելու-չլինելու ընտրություն է:

Պատասխանելով քվեարկությունից առաջ ձերբակալությունների, խուզարկությունների մասին հարցերին, Արթուր Վանեցյանն ասաց, իշխանությունը հոգեվարքի մեջ է, նրանց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն:

«Նրանք հասկանում են, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն  կազմելու հնարավորություն չունեն, ուստի վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»,- ասաց նա:

Հարցին՝ հետընրական ի՞նչ զարգացումներ եք սպասում, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն ասաց. «Դրա պատասխանատուն ընդդիմությունը չէ: Դրա պատասխանատուն փաստացի իշխանությունն է: Կարծում եմ՝ որևէ հետընտրական զարգացումներ չեն լինի, քանի որ ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն»:

Նա նշեց, որ բազմաթիվ խախտումների մասին ահազանգեր կան՝ «Պատիվ ունեմ» դաշինքի քվեթերթիկների վրա կա ինչ-որ նմուշ, «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկները չեն տալիս ընտրողներին, իշխանական թևի ներկայացուցիչները ուղղորդում են, մասնավորապես, զինվորականների, ոստիկանության կողմից դաշինքի ակտիվիստների, կան շտաբերի նկատմամբ ճնշումներ:

Նա հայտնեց, որ երեկ ձերբակալվել են դաշինքի Եղեգնաձորի շտաբի ներկայացուցիչները, փաստաբանական թիմին որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ. «Կարծում եմ՝ դա արվել է բացառապես մեկ նպատակով՝ 72 ժամ, այսինքն, ընտրությունների ընթացքում մեր թիմակիցներին հեռու պահել ընտրական գործընթացներից»:

Նա ասաց, որ ընտրությունների ընթացքին հետևելու է դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբից:

Աղբյուր` Panorama.am