Փաշինյան. Պատերազմի հանգամանքները պետք է մանրամասն քննվեն

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն եւ մանրամասն քննության առարկա դառնան:

«Կան հարցեր, որոնց պատասխանը պիտի ստանա հանրությունը: Առանձին թեմա է, թե որ հատվածն է, որ պետք է դատաիրավական համակարգի շրջանակներում քննվի, որ համակարգն է, որ հանձնաժողովային կամ օրենսդրությամբ նախատեսված այլ ֆորմատներով պիտի քննարկվի, բայց կարեւոր է արձանագրել, որ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները եւ դրան հարակից այլ հանգամանքներ պիտի անպայման քննվեն այնտեղ, որտեղ կա քրեաիրավական գնահատականի խնդիր, պիտի տրվի քրեաիրավական գնահատական:

Այնտեղ, որտեղ կա քաղաքական գնահատականի խնդիր, պիտի տրվի քաղաքական գնահատական»,- Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում դատախազությունն այս առումով բավականին մեծ աշխատանք ունի կատարելու:

Մեդիամաքս