Դրսում հայտնված Վիգեն պապիկը մի փոքրիկ ապաստարան է խընդրում (տեսանյութ)
Ավելի քան 15 տարի է ինչ Վիգեն պապիկը հայտնվել է փողոցում։ Չի սիրում կիսվել ու պատմել իր անօթևան դառնալու պատմությունը։ Հագնվում ու խնամվում է այնպես, որպեսզի ոչ մեկ չկռահի էլ նրա դժբախտության մասին և որ նա գիշերները լուսացնում է փողոցներում։
Արվեստագետ է՝ երաժիշտ։ Նրա ողջ ունեցվածքն ամփոփված է 7-8 պարկերում, որոնք անդադար իր մեկ ծանոթի նկուղից դեպի մյուսինն է քարշ տալիս, այդպիսով արդեն չարաշահելով նրանց մոտ ունեցած հարգանքն ու համբերությունը։ Այսօր էլ չգիտի ինչ անի, էլ տեղ չի մնացել։
Ծերանոց տեղափոխվել էլ չի ուզում՝ սիրտը կպայթի։ 66 տարեկան Վիգեն Մամիկոնյանն այսօր ցանկանում է շարժել բարի մարդկանց գթասրտությունը, որպեսզի մի փոքրիկ գիշերելու տեղ ունենա կամ գոնե մի ծածկ, որտեղ կկարողանա թողնել իր «ունեցվածքով» լի պարկերը։
Դեռևս մի խումբ երիտասարդներ, իրենց ուժերի ներածի չափով աջակցում են նրան, սակայն մի փոքրիկ մնալու տեղ հայթայթելու կամ վարձելու հարցը նրանք ևս չեն կարողանում լուծել։
Վիգեն պապիկի համար օթևան հայթայթելուն աջակցել ցանկացողները կարող են զանգահարել 077-777-890 կամ 096-007-404 հեռախոսահամարով՝ նրա ընկեր Նարեկին։
