Հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Միեւնույն ժամանակ նախարարությունը մի այլ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։
“Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։ Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն”, — նշվում է հայտարարությունում։
