Թուրքահաճո “խաղաղասիրության” մասին. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Թուրքահաճո “խաղաղասիրության” մասին։

Մարդը կարող է անգրագետ և անձեռնահաս լինել իր տանը, բայց երբ մարդը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, ապա իր անգրագիտությունը սպառնալիք է դառնում  երկրի անվտանգությանը:

Կփորձեմ առանց պիտակների ու վիրավորանքների:

Եվ այսպիսով, իշխանությունների շատ ներկայացուցիչներ, արդարացնելով իրենց պարտվողական թուրքահաճո  քաղաքականությունը և Հայաստանը, Արցախը, արժանապատիվ հայերին և հպարտ քաղաքացիներին թուրքական կացնի տակ դնելու պատրաստակամությունը, իրենց նենգ դիրքորոշումը հիմնավորում են մոտավորապես նման արտահայտությամբ. Կամ մենք համաձայն ենք թուրքերի և ադրբեջանցիների պայմաններին և նրանց ենք հանձնում այն ամենը, ինչ իրենք ուզում են, և կհասնենք խաղաղության, կամ ընդիմանում ենք թուրք֊ադրբեջանական օրակարգին և այդ պարագայում  պատերազմ կլինի, և շատ հայեր կրկին կմահանան:

Ցինիզմ, սուտ, մանիպուլյացիա՝ ահա այս պնդումների հակիրճ ամփոփումը:

Ասեմ ավելին՝ հենց թուրքերի հետ «ամեն գնով խաղաղության» դիրքորոշումն է հանդիսանում այն գործոնը, որը կհանգեցնի անխուսափելի պատերազմի ,հայերի բնաջնջման և Հայաստանի ու Արցախի կործանման, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական նպատակներն անփոփոխ են, այն է `տարածաշրջանում հայկական գործոնի ոչնչացումը` ընդհանուր քաղաքական կառույցի հետագա վերամիավորման համար:

Այսինքն ՝ ևս մեկ անգամ կրկնում եմ ՝ նրանք, ովքեր ներկա իրավիճակում ամենն գնով  «խաղաղության» կողմնակիցներն են, հենց նրանք են մոտեցնում պատերազմը:

Պատերազմից խուսափելու միայն մեկ ճանապարհ կա ՝ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵՎ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԴՆԵԼ ԲՈԼՈՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, այլ ոչ թե ծնկած սողալ՝ խաղաղություն մուրալով, թուրքերի և ադրբեջանցիների առջև:

Հ․Գ․

Այդ սուպերգերխաղաղսեր իշխանական պատգամավորներին և բարձրաստիճան չինովնիկներին  մի բան հիշեցնեմ և խորհուրդ կտամ․

Առաջին՝ Հայաստանի հանրությունը չի ցանկանում ոչնչացված լինել, նույնիսկ «հպարտ քաղաքացիները»,սա որպես նախաբան:

Երկրորդ ՝ նման անհեթեթ և անպատասխանատու հայտարարություններ անելուց առաջ, խորհուրդ եմ տալիս բոլոր խաղաղսերներին  գնալ Ադրբեջան և սկսել աշխատել ադրբեջանական հասարակության հետ «խաղաղություն» քարոզի թեմայով:

Եվ, եթե նա ինչ -որ հրաշքով ողջ մնան տոլերանտ ադրբեջանցիների միջավայրում, քսան տարի հետո թող վերադառնան Հայաստան՝ այդժամ կխոսենք:»