Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Armeniasputnik.am-ը գրում է.

«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, հայտնում են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունի
«ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը»,–ասված է հայտարարության մեջ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ միտված կրակի դադարեցմանը և արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարևորել է ՌԴ խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։
Միաժամանակ, նախարար Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ դեռևս իրականացված չեն, և այս համատեքստում ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միսկում ԱՊՀ ԱԳ նախարարների հերթական նիստի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին–առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ։»