ՀՀ հաջորդ իշխանությունը կարող է չեղյալ համարել դելիմիտացիայի և ճանապարհների բացման գործընթացները. Շահնազարյան

News.am-ը գրում է.

«Տարեվերջյան իր ասուլիսով եւ դրան հաջորդած հայտարարություններով ՀՀ վարչապետը բացահայտեց իր բոլոր ծրագրերը, այսպես կոչված խաղաղության ծրագիրը: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԱՊՎ նախկին ղեկավար, 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդրին, նա ասաց. «Մշտապես լինելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմնակիցը, լինելով Հայաստան-Թուրքիա առաջին պաշտոնական բանակցությունների մասնակիցն ու բանակցողը, բազմիցս ասել եմ, որ այս իրավիճակում գնալ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման, մեծագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար: Իրավիճակը կտրուկ փոխվել է պատերազմից հետո եւ այդ պատերազմը դեռևս չի ավարտվել։ Նախապայմանները, որոնք Թուրքիան առաջ է քաշում, փաստացի ընդունվել են Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից»:

Շահնազարյանը հիշեցրեց թուրքական կողմի նախապայմանները՝ Ղարսի պայմանագրի ճանաչում Հայաստանի կողմից, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Հայաստանի կողմից, այդ թվում ԼՂ ճանաչում որպես Ադրբեջանի անքակտելի մաս, հրաժարում Ցեղասպանության հարցից։

Դավիթ Շահնազարյանի խոսքով, այս ամենին ավելացել է նաև չորրորդ նախապայմանը՝ Ադրբեջանի ու Նախիջանի միջև միջանցքների տրամադրում, որոնք «ըստ էության, թուրանական միջանցքներ են»։ Այն արագ կերպով փորձելու է իրականացել Հայաստանի իշխանությունը։

«Երկրորդ վտանգավոր հարցը դելիմիտացիայի հարցն է: Դա երկար չի տեւելու, թեեւ իրականում երկարատեւ գործընթաց է: Դրա հետևանքով  մենք Երևան-Գորիս ճանապարհին՝ Տիգրանաշենում, հյուսիսում՝ Ոսկեպարի շրջանում կունենանք այնպիսի իրավիճակ, ինչպիսին ունենք Գորիս-Կապան ճանապարհին, այսինքն՝ ադրբեջանական սահմանային անցակետեր, մաքսակետեր»,-ասաց նա:

Նա անհեթեթություն որակեց դելիմիտացիայի իրականացումը, քանի որ պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ այն իրականացվի նման իրավիճակում, երբ Հայաստանն Ադրբեջանի հետ ունի ոչ թե սահման, այլ շփման գիծ, իսկ ավելի ճիշտ ռազմաճակատ։

«Կատարվում է ռազմաճակատի դելիմիտացիա։ Եթե ուշադրություն դարձրել եք, Հայաստանի իշխանությունները միայն մեկ անգամ ասեցին, որ տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ, դրանից հետո հրաժարվեցին այս խոսքերից։ Պահանջ էր դրվում, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։ Այդ պահանջի մասին կարծես թե հիմա մոռացել են»,-ասաց ԱԱՊՎ նախկին ղեկավարը։

Երրորդ մեծագույն սպառնալիքը Հայաստանի համար, ըստ Դավիթ Շահնազարյանի հաղորդակցության ուղիների բացումն է. «Սրա շուրջ կարծես թե արդեն պայմանավորվել են։ Խոսքն այն ուղիների մասին է, որոնք պետք է կապեն Ադրբեջանը Նախիջևանին։ Հայաստանում խոսում են տարածաշրջնում բոլոր կոմունիկացինաերի բացման մասին, բայց Ադրբեջանը դրանք փակում է: Ամենավառ օրինակը Գորիս-Կապան ճանապարհահատվածն է, որը մեզ համար զարկերակի նշանակություն ունի։ Անկախ այն բանից, թե այս երեք գործընթացները կհաջողվեն, թե ոչ, Հայաստանի հաջորդ իշխանությունը կարող է անմիջապես դրանք չեղյալ համարել՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքը»,-հայտարարեց Դավիթ Շահնզարյանը։

Նա ընդգծեց, բոլոր այս գործընթացները կատարվում են ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի ազդեցության տակ, որոնք միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են։

«Ուժի կիրառման սպառնալիքները բազմաթիվ են, վերցրեք Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունները։ Թե Բաքվում, թե Անկարայում շատ լավ պետք է իմանան, որ այս գործընթացներն իրականացվում են միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով։ Հայաստանի վարչապետն այդ մասին հայտարարել է՝ ասելով, եթե ես սա չանեի, պատերազմ կսկսեր։ Այսինքն, երկու կողմերն էլ ընդունել են ուժի սպառնալիքի փաստը»,-ասաց բանախոսը։»