ՀՊԱՆՑԻԿ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ.

Դատելով ըստ իրականության, ոչ թե քարոզչական փուչիկներով՝ անկախ Հայաստանի առաջին երեք ղեկավարներն իրենց կերպարներով, գործերով ու նպատակներով հակապատկերներ էին: Համենայնդեպս կա մի հատկանիշ, որը երեքի համար էլ ընդհանուր է՝ նրանք չկառչեցին աթոռից ու արժանապատվորեն հրաժարվեցին երկիրը ղեկավարելուց: Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանալով, որ ասպարեզում ավելի վճռական գործիչներ կան, ովքեր կկարողանան պահել ազատագրված Արցախը, հրաժարական տվեց: Չխոսենք նրա հետագա քայլերի մասին, այդ պահին նա ցուցաբերեց պետության համար պատասխանատու ողջամիտ առաջնորդի կամք:
Ռոբերտ Քոչարյանը 11 տարի շարունակ լծվեց երկրի տնտեսությունը խոր անդունդից հանելու գործին և երբ նրանից երրորդ անգամ չառաջադրվելու խոստում առան՝ մարդն առանց այլևայլության հրաժարվեց նախագահի պաշտոնից և լքեց քաղաքական դաշտը: Իմ կարծիքով նա վստահ էր, որ իրեն փոխարինողին հստակորեն աշխատող համակարգ է թողնում, ուստի կարող է հանգիստ հեռանալ: Սերժ Սարգսյանը թեև չդիմացավ վարչապետական աթոռի գայթակղությանը (կամ գուցե սադրեցին) և 10 տարի նախագահելուց հետո ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ հարկավոր պահին հրաժարական տվեց: Նա կարող էր փողոցները լցրած ժողովրդի դեմ ուժ կիրառել, սակայն մտածեց ոչ թե իր, այլ պետության խաղաղ ապագայի մասին ու հեռացավ (այս անգամ ևս չխոսենք, թե ինչպես եղավ, որ խաղաղությունից գահավիժեցինք պատերազմի դժոխքը):
Այս երեք ղեկավարներն ունեին տղամարդկային արժանապատվություն և կառչած չէին աթոռից: Անկախ այլևայլ գնահատականներից՝ պատմությունն այս հատկությունները գնահատելու է որպես պետական մտածողության դրսևորումներ:
Ի՞նչ եմ մտածում երկրի ներկայիս ղեկավարի մասին՝ չեմ կարող ասել, քանի որ ասելն արգելված է:
Հրաչուհի Փալանդուզյան
3.11.2020