Արցախի ՄԻՊ-ը ճշտում է Տող գյուղում Ադրբեջանի ԶՈՒ կողմից գլխատված քաղաքացիական անձի տվյալները

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ճշտում է Տող գյուղում Ադրբեջանի զինուժի կողմից գլխատված քաղաքացիական անձի տվյալները:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Տող գյուղի քաղաքացիներից մեկը միջազգային լրատվամիջոցի լրագրողին տեղեկացրել է, որ ինքը տեղյակ է այն դեպքից, որ իր հարևաններից մեկին ադրբեջանական զինծառայողները գլխատել են, ինչպես նաև սպանել են 82 տարեկան Միշա Ստեփանյանին, գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի: Որոշ տեղեկություններ ունենք, բայց բոլոր հանգամանքերը դեռևս չենք պարզել, և չկան այս դեպքերը վիճակագրության մեջ»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ լուրջ կասկածներ ունեն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն բոլոր այն բնակավայրերում, որ մուտք է գործել ու գտել է քաղաքացիական անձ, նրանց հանդեպ կատարել է բազմաթիվ հանցագործություններ:

«Ադրբեջանում այնքան է արմատացած հայատյացությունը, որ ցանկացած հայի ու ցանկացած ձևով սպանելը, դիակների հանդեպ վատ վերաբերմունքը ողջունելի է համարվում լայն հասարակայնության կողմից: Սա միջազգային հանրության հատուկ ուշադրությանն է արժանի: Վտանգը շատ մեծ է ցեղասպանության, եթե այս կարգի ատելություն կա ադրբեջանցի զինծառայողների շրջանում»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը: