Գործող իշխանությունը մշտապես պատրաստ է սպասարկել թշնամու շահերը. Լևոն Հովհաննիսյան

Առաջինը՝Հայաստան նախաձեռնող խմբի անդամ Լևոն Հովհաննիսյան

Արտաքին քաղաքականությունը` լինելով երկրների միջեւ առկա հարաբերություններ, որոնք բխում են որեւէ երկրի շահերից, կարգավորում է տարբեր երկրների կամ ժողովուրդների միջեւ հարաբերությունները, այն դեպքում, եթե տվյալ երկրում գոյություն ունի հզոր դիվանագիտություն, որն էլ իր հերթին հանդիսանում է արտաքին քաղաքականության կարեւորագույն միջոցը։

ՀՀ արտաքին քաղաքականությունը տարբեր ժամանակահատվածներում ունեցել է տարբեր ուղղվածություն։ Կփորձեմ հակիրճ ներկայացնել մինչեւ 2018-ը եւ 2018-ից հետո արտաքին քաղաքականության ընդհանուր կարգավիճակը։

ՀՀ արտաքին քաղաքականությունը մինչեւ իշխանազավթումը ուղղված է եղել երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը։ Հայաստանը հետամուտ է եղել ամրապնդելու եւ խորացնելու երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա հիմնված առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցային փոխհարաբերություննորը Ռուսաստանի հետ։ Միեւնույն ժամանակ կարեւորվել է նաեւ ԱՄՆ հետ բարեկամության խորացումը։ Իշխանությունը պատասխանատու է եղել այլ երկրների հետ տնտեսական, տեխնիկական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման համար։ Կարեւոր տեղ են ունեցել երկրի սահմանների, տարածքային ամբողջականության պահպանումը, նրա շահերի ու ինքնիշխանության պաշտպանությունը, բնակչության անվտանգության ապահովումը եւ այլն։

2018թ. հետո, ի թիվս այլ թերությունների, գործող իշխանությունը ունի բազմաթիվ բացթողումներ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում։ Ներկայումս Հայաստանը կողմնակից է եւ ձգտում է տարածաշրջանում բաց սահմաններով եւ գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով սպասարկել թշնամու շահերը։

ՀՀ արտաքին քաղաքականությունը դեռեւս կմնա նման խայտառակ կարգավիճակում այնքան, ինչքան զավթված իշխանությունը։