Ամբերդը կվերականգնվի ու կվերակենդանանա․ մինչ այդ ամրոցը հնագետներին ակակնկալներ է մատուցել

Ամբերդը կվերականգնվի․ կառավարության որոշմամբ՝ աշխատանքները կմեկնարկեն արդեն հաջորդ տարի։ Հնագիտական արշավախմբին հանձնարարված էր գտնել, բացել քանդված պատերի հիմքերը։ Արդյունքում Ամբերդում պեղումներն անակնկալ մատուցեցին։
Այս տարին Ամբերդ ամրոցի համար վերածնման, վերականգնման սկիզբ դարձավ։ Տասնամյակների ընդմիջումից հետո պեղումների արդյունքում Հայաստանի ամենահայտնի հուշարձաններից մեկն անակնկալներ մատուցեց հնագետներին՝ բացվեց դղյակի 4-րդ սենյակը, հողի շերտի տակից դուրս բերվեցին մեծ քանակությամբ խեցեղեն, սելջուկյան ժամանակների մետաղադրամ և այլն։
Արշավախմբի ղեկավար Արտավազդ Զաքյանը հիշեցնում է՝ Ամբերդում պեղումները սկսվել են դեռ 1936 թվականին, Հովսեփ Օրբելու գլխավորությամբ։
Հենց նրա օրոք էլ բացվել է, ըստ էության, այն հուշարձանը, որն այսօր գիտենք՝ պալատական հատված, բաղնիք, ջրամբարներ, մատուռ, եկեղեցի, կից շինություններ, պարիսպներ և այլն։ Դրանից հետո աշխատանքները երկար ժամանակով դադարեցվեցին․ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, այնուհետև ժամանակ էր պետք ծանր պատերազմից հետո երկիրը վերականգնելու համար։ 1963-ին աշխատանքները վերսկվեցին՝ նաև նպատակ ունենալով վերականգնել հուշարձանը։
«Տարիներ առաջ, երբ «Ամբերդ» հուշարձանախումբը ստացավ արգելոցի կարգավիճակ, դրանից հետո անցում կատարվեց տոմսային տնտեսության, կառավարության կողմից խնդիր դրվեց նաև վերականգնել և ամրակայել հուշարձանը, հատկապես պալատական հատվածը։ Վերականգնման նախագիծը դեռ այդ ժամանակ արվել էր, սակայն որոշակի վերամշակումների և ճշգրտումների անհրաժեշտություն էր առաջացել»,- նշում է հնագետը։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության միջոցներով այս տարվա սեպտեմբերի կեսերին հուշարձանի տարածքում մեկնարկեցին մաքրման աշխատանքներ. վերջերս ակտիվացել են քարաթափումները, ինչը վտանգ է ներկայացնում և՛ այցելուների, և՛ հուշարձանի պահպանության համար։
Տասնամյակներ առաջ կատարված պեղումների ժամանակ պատերի հիմքերը չէին գտնվել․ մասնագետների առաջ խնդիր էր դրված գտնել դրանք՝ պալատի ճարտարապետական կառուցվածքը, հետագայում կատարված ավելացումները, վերականգնման փուլերը և այլ հարցեր հասկանալու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: