ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ հետ

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին:

Նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ համազգային նշանակություն ունեցող ցանկացած հարցի լուծման պարագայում, ինչպիսին նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, կարևոր է համազգային կոնսենսուսը:

ՀՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետները հիշյալ հայտարարության տեքստի և դրա հետագա գործողության, առկա ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաև մտահոգություն հայտնել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ՝ հանդես գալով նաև որոշակի առաջարկներով: