Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով
default
Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:
Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում, ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.
Ա գոտի՝
- Յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 300 դրամ
- Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
- Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ
- Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ
- Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ
Բ գոտի՝
- Յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 200 դրամ
- Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ
- Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ
- Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ
- Մեկ տարվա համար՝ 24000 դրամ
Նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի Փոքր կենտրոնն էականորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը: Ընդ որում՝ սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունակական քայլերից մեկն է, որն ունենալու է նաև այլ բաղադրիչներ:
Մասնավորապես՝ հաջորդիվ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է:
