Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի անցնցում եւ իրավական. Վարդան Հարությունյան
Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի անցնցում եւ իրավական, համարում է հայտնի հայ հասարակական գործիչ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Ի՞նչ պետք է անի Փաշինյանը: Ցանկացած գնով իշխանությունը պահելը եւ իշխանությունից կառչելը նրան պատիվ չի բերում։ Վերջին հաշվով նա 2018-ի Նիկոլն է։ Պետք է կարողանա այդ Նիկոլին գնահատել։ Գոնե մի քիչ փորձել նմանվել այդ Նիկոլին։ Պետք է մի կողմ դնի սեփական բացառիկության մասին ունեցած միֆը։ Բավական է, 2,5 տարի ապրել է այդ միֆով, կերակրել է դրանով իր շրջապատի մարդկանց։
Անիմաստ ու ոչինչ չասող կադրային փոփոխություններ անելու փոխարեն պետք է հանդես գա ժողովրդին ուղղված հայտարարությամբ, որտեղ հստակ պետք է ասի, որ հրաժարական է տալու, բայց պատասխանատվության իր չափը գիտակցելով խնդրում է տալ իրեն 5 ամիս, 6 ամիս, 9 ամիս ժամանակ (տրամաբանական ժամանակահատված), որը պետք է լինելու ընտրությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքների ընդունման եւ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար։
Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի անցնցում եւ իրավական։
Փաշինյանին ուժով հեռացնելու բոլոր փորձերը պետք է ձախողվեն։ Ամեն ինչ պետք է լինի ընտրությունների միջոցով։ Սեղանին մեր երեխաների ճակատագիրն է․ յուրաքանչյուրիս երեխայի», – գրում է իր ֆեյսբուքյան էջում իրավապաշտպանը: