Բաքուն համաձայնել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Ղազախստանում. Ալիև

Ադրբեջանի նախագահի խոսքով` եթե Հայաստանը նույնպես համաձայնի, արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանում։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական կողմը համաձայնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, հանդիպեն Ղազախստանում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին Երևանում հայտարարել էր, որ Աստանան պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հարցում և հարթակ տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։
«Ղազախստանը դիմել էր մեզ` առաջարկելով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել այնտեղ, և մենք համաձայնեցինք։ Եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում», — ասել է Ալիևը Բաքվում կայացած միջազգային համաժողովում։
Հիշեցնենք` Միրզոյան–Բայրամով վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 28-29–ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները