Ստի պատճառով «վարի գնաց թե՜ իշխանություն-հանրություն փոխվստահությունը և թե՜ իշխանության թիմի ներսի փոխվստահությունը. Դանիել Իոաննիսյան
Այդ ստի պատճառով վարի գնաց թե՜ իշխանություն-հանրություն փոխվստահությունը և թե՜ իշխանության թիմի ներսի փոխվստահությունը, գրում է իր ֆեյսբուքյան էջում «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, նկատի ունենալով պատերազմի ժամանակ իշխանությունները վարքագիծը:
«Պատերազմի ժամանակ իշխանությունները տապալել են կոմունիկացիան ոչ միայն հանրության, այլ նույնիսկ սեփական թիմի հետ:
ԱԺ պատգամավորների (այդ թվում` «Իմ քայլի») մեծ մասը չգիտեր, թե ինչ է կատարվում ռազմաճակատում և տեղեկատվություն էր ստանում ստեղից-ընդեղից… Տեղեկատվական սովի արդյունքում ոչ միայն հանրությունը, այլև պատգամավորներն էին սկսում ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ գտնել: Պատգամավորներից ոմանք զանգում էին Արցախում գտնվող ծանոթներին (այդ թվում նաև ինձ), ոմանք էլ հետևում էին Միշիկի (Միքայել Մինասյանը – խմբ.), Ադրբեջանի ու ինչ-որ Տելեգրամ-ալիքների տված տեղեկատվությանը:
Արդյունքում, այժմ ոչ միայն հանրությունը այլևս չի վստահում իշխանությունների տրամադրած տեղեկատվությանը, այլև իշխանական թիմի մի մասը:
Ես չգիտեմ, թե ում միտքն էր պատերազմի ժամանակ հանրության ականջներին համատարած սուտ փաթաթելը (հարձակվող զորքին «դիվերսիոն խմբեր» անվանելը, «տակտիկական նահանջ»-ի սուտ թեզը, «գալիս, նկարվում, գնում են»-ը և այլն), բայց այդ սուտը շատ խանգարեց պատերազմի ժամանակ հանրության մարտունակությանը (այդ մասին առանձին գրել եմ)», – նշում է նա, ընդգծելով, որ այդ ստի պատճառով «վարի գնաց թե՜ իշխանություն-հանրություն փոխվստահությունը և թե՜ իշխանության թիմի ներսի փոխվստահությունը»:
«Այդ ստի տակից մենք, որպես հասարակություն, դեռ երկար տարիներ դուրս չենք գա:
Սուտ խոսել չի՜ կարելի: Կիսասուտ տեղեկություններով սուտ տպավորություն ստեղծել ևս չի՜ կարելի: Ոչ մի իրավիճակում չի՜ կարելի», – եզրակացնում է Դանիել Իոաննիսյանը: