Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ֆինանսավորման աղբյուրների ու ծախսերի շուրջ սկանդալը չի ավարտվում։ Մարտի 7-ին ՍիվիլՆեթն իր գործընկեր OCCRP-ի հետ հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած անձինք անտեղյակ են իրենց նվիրատվություններից, մի քանիսն էլ օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվություն էին կատարել կուսակցությանը։ Պարզվում է՝ աուդիտորական «Թրասթ աուդիտ» կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ-ի 2022-ի տարեկան հաշվետվությանը՝ համարելով, որ այն ճշմարիտ չի արտացոլում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների, ծախսերի, գույքի, պարտավորությունների մասին տվյալները։

Ի՞նչ է հայտնաբերել աուդիտորական կազմակերպությունը

«Թրասթ աուդիտ»-ը կուսակցության տարեկան հաշվետվությունը անարժանահավատ համարելու հիմքում մի քանի փաստ է դրել.

  1. 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած հինգ անձ օրենքով սահմանված սահմանաչափից ավելի գումարներ են փոխանցել՝ 5,9 միլիոն դրամի չափով։ Օրենքի կարգավորման համաձայն՝ երբ սահմանաչափը գերազանցվում է, գումարը պետք է հետ փոխանցվի նվիրատուին, այնինչ ՔՊ-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ այդ գումարները հետ չեն փոխանցվել նվիրատուներին։ Եթե անհնար է գումարը հետ փոխանցել նվիրատուին, պետք է փոխանցել պետական բյուջե, բայց ՔՊ-ն այս գումարը նաև բյուջե չի փոխանցել։
  2. 2022-ին մեկ անձ 2,4 միլիոն դրամի չափով անանուն նվիրատվություն է կատարել ՔՊ-ին։ Անանուն նվիրատվությունը օրենսդրությամբ արգելված է և անանուն նվիրատվություն ստանալու դեպքում կուսակցությունը պարտավոր է այդ գումարը փոխանցել պետական բյուջե։ Ըստ աուդիտորի՝ գումարը ՔՊ-ն չի փոխանցել պետական բյուջե։
  3. «Քաղաքացիական պայմանագրի» քարտային հաշվից 2022-ի ընթացքում 11,3 միլիոն դրամի կանխիկացում է կատարվել, այնինչ կուսակցությունների մասին օրենքը պարտադրում է՝ կուսակցությունը բոլոր գործարքները պետք է կատարի անկանխիկ։
  4. Աուդիտորական կազմակերպությունը հայտնաբերել է, որ 2022-ին ՔՊ-ն ստացել է 207,2 միլիոն դրամի նվիրատվություններ, բայց ֆինանսական հաշվետվության համապատասխան տողում ներկայացրել է 168,7 միլիոն դրամի նվիրատվություններ։
  5. ՔՊ-ն 2022-ի ընթացքում փաստացի հավաքել է 9,3 միլիոնի անդամավճարներ, սակայն հաշվետվությունում ներկայացրել է, որ հավաքված անդամավճարները կազմել են 24,6 միլիոն։
  6. Ըստ աուդիտի՝ 2022-ի արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» 4,2 միլիոն դրամի հարկային պարտքեր է ունեցել, որը որևէ ձևով չի արտացոլել հաշվետվության մեջ։
  7. Կուսակցությունը իր տարեկան հաշվետվության «մուտքեր» բաժնում չի արտացոլել 23,7 միլիոն դրամի չափով նվիրատվությունները և մոտ 23 միլիոն դրամի չափով ելքերը։
  8. «Քաղաքացիական պայմանագիր»-ը 2022-ին 15,5 միլիոն դրամի գույքի վարձակալական պայմանագրեր է կնքել 11 անձանց հետ։ Աուդիտորական կազմակերպությունը փաստել է՝ վարձակալության պայմանագրերը հասանելի չեն եղել, որպեսզի ստուգեն դրանց շուկայական արժեքներն ու գնահատեն դրանք։

Կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման ստուգումների գործընթացը դրված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) վրա։ Հանձնաժողովը աուդիտի արդյունքները ստանալուց հետո պարտավոր է ստուգել այն և համապատասխան գործընթաց նախաձեռնել։ Ընդ որում, աուդիտի և ԿԿՀ-ի կողմից ստուգման արդյունքում կարող է ինչպես վարչական վարույթ նախաձեռնվել, այնպես էլ առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ԿԿՀ-ը կարող է դիմել դատախազություն։

Թեպետ ԿԿՀ-ը մարտին ստացել է «Քաղաքացիական պայմանագրի» աուդիտի եզրակացությունը, բայց մինչ այժմ՝ մայիսի 14-ի դրությամբ, հանձնաժողովի կողմից կուսակցության հաշվետվության ստուգման գործընթացն ավարտված չէ։ Պատասխանելով ՍիվիլՆեթի գրավոր հարցին՝ հանձնաժողովից տեղեկացրել են, որ ՔՊ-ի հաշվետվության ու աուդիտորական եզրակացության ստուգումը մարտի 22-ին երկարաձգվել է 60 օրով։ Ակնկալվում է, որ ԿԿՀ-ն ՔՊ-ի վերաբերյալ ստուգումները կավարտի և համապատասխան որոշում կընդունի եկող շաբաթ։ Հանձնաժողովի ստուգման արդյունքները չեն կարող հունիսի 30-ից ուշ հրապարակվել։

«Քաղաքացիական պայմանագրի» 2021 և 2022 թվականների ֆինանսավորման, կուսակցության նվիրատվությունների թեմային անդրադարձել էինք մարտի 7-ին։ Պարզել էինք, որ ՔՊ-ին նվիրատվություն կատարած տասնյակ անձինք անտեղյակ էին այդ նվիրատվություններից, բազմաթիվ դեպքերում նվիրատուների եկամուտները չէին համապատասխանում նվիրատվության բարձր չափերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր ղեկավարած կուսակցության ֆինանսավորման ենթադրյալ մեքենայությունների մասին, այն անվանել էր կուսակցության կազմակերպչական թերացում, որը չի հատել Քրեական օրենսգրքրի համապատասխան կետը։

Մկրտիչ Կարապետյան