Անձրևի հետևանքը․ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ:

Փրկարարներն ավտոբուսից և ավտոմեքենաներից դուրս են բերել 8 քաղաքացու և արգելափակումից դուրս բերել՝ 2 ավտոմեքենա։