Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարմանը հաշված ամիսներ են մնացել` նրա 3 տարվա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, եւ նա խուճապահար փորձում է օրենսդրական ելքեր գտնել, որպեսզի շարունակի պաշտոնավարումը, սակայն այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով, այդ ջանքերն արդյունք չեն տալիս։

Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել գիտնական անդամների քվոտայով՝ այդ պաշտոնում փոխարինելով հրաժարական ներկայացրած Գագիկ Ջհանգիրյանին։ Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է այս տարվա հոկտեմբերին, եւ նա գործող օրենսդրական կարգավորումներով վերընտրվել չի կարող, քանի որ Դատական օրենսգիրքը սահմանում է, որ ԲԴԽ նախագահ է ընտրվում հաջորդաբար մե՛կ գիտնական, մե՛կ դատավոր անդամներից: Այսինքն՝ հաջորդ ԲԴԽ նախագահը պետք է լինի դատավորներից։

ԲԴԽ մեր աղբյուրն ասաց, որ Կարեն Անդրեասյանն այս հարցով Նիկոլ Փաշինյանին է դիմել, խնդրել է, որ մի բան անեն, որպեսզի իր պաշտոնավարումը երկարաձգվի։ Ավելին՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է, Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է պատրաստել, որ հնարավոր լինի հոկտեմբերից հետո Անդրեասյանի պաշտոնավարումը երկարաձգել, սակայն ՔՊ-ականները հասկացնել են տվել, որ չի անցնելու ԱԺ-ում, այսինքն՝ հանուն Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի չեն ուզում օրենքում փոփոխություններ անել: Ասել են` օրենքը շրջանցել ու խախտել կարելի է միայն լուրջ դեպքերում, ո՛չ Անդրեասյանի խաթեր։ Բայց իրականությունն այն է, որ Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան զույգը ՔՊ-ում այլեւս մեծ հեղինակություն եւ համակրանք չի վայելում:

«Հրապարակն» արդարադատության նախարարությունից պարզաբանում խնդրեց, թե նախարարությունում նման օրենսդրական նախաձեռնություն երբեւէ մշակվե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ ճակատագրի է այն արժանացել։ Նախարարությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին մեր տեղեկությունը, գրավոր հարցում պահանջեցին, իսկ գրավոր հարցում սովորաբար պահանջում են, երբ ժամանակ է պետք լինում մտածելու համար, թե ինչպես պատասխանեն, որ չտուժեն։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, ով մեզ ներկայացրեց նախապատմությունը, թե ինչպես է ստացվել, որ ԲԴԽ նախագահի պաշտոնավարման 5 տարի ժամկետը դարձել է 3 տարի, իսկ հիմա, փաստորեն, Կարեն Անդրեասյանը հակառակն է ցանկանում անել, որպեսզի իր լիազորությունները երկարաձգի։

«Առաջ 5 տարով էր, ավելի ճիշտ` ժամկետ չկար, ԲԴԽ նախագահն ընտրվում էր եւ որպես ԲԴԽ անդամ` մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը պաշտոնավարում էր որպես նախագահ։ Օրինակ, ես ընտրվել եմ 5 տարով, եթե իմ լիազորությունները չդադարեցնեին, ես մինչեւ հիմա լինելու էի Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Այդ օրենսդրական փոփոխությունները նախաձեռնեցին Ռուստամ Բադասյանն ու Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իմ լիազորությունները ոչ թե 5 տարով, այլ 3 տարի դառնար, բայց քանի որ չկարողացան այդ փոփոխություններին հետադարձ ուժ տալ, դա տարածվեց հաջորդների վրա։ Այսինքն՝ նախ 5 տարին 3 տարի դարձնելն էր սխալ, հիմա էլ սխալ է 3-ը 5 սարքելը, որովհետեւ դա պետք է կապված չլինի անձանց հետ։ Սա Սահմանադրական ինստիտուտ է, սահմանադրական մարմին է, եւ ինստիտուցիոնալ մոտեցում է պետք ցուցաբերել, եւ ցանկացած նման փոփոխություն ցանկալի չէ, դա սթրեսային իրավիճակներ է ստեղծում»,- ասաց Վարդազարյանը՝ ընդգծելով, որ օրենքները փորձում են հարմարեցնել անձերին:

«Վարդազարյանն իրենց 5 տարի պետք չէր, 3 տարի էր պետք` օրենքը փոխեցին, սարքեցին 3 տարի, հիմա Անդրեասյանը եթե 5 տարի պետք է լինի, կփոխեն` կսաքրեն 5 տարի։ Ուզում եմ ասել, որ անձով է պայմանավորված, իրավունքի ու ինստիտուտի մասին, անկախ սահմանադրական մարմնի հեղինակության, նրա գործունեության, նրա ֆունկցիոնալության վերաբերյալ խոսք գնալ չի կարող, այստեղ բացառապես օրենքը փոփոխում են անձանց համար»,- ասաց Վարդազարյանը։»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում