Խաղացողներն ու խամաճիկները. Արտակ Սարգսյանի վերլուծականը

Խաղացողներն ու խամաճիկները

Վարչապետ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագրում» նրա խամաճիկներն իրար հերթ չտալով հայ ժողովրդին խոստանում են Բաքվի հետ երկար սպասված խաղաղությունը հաստատել, եթե, իհարկե, ամեն ինչ չխափանեն ադրբեջանական ինտրիգները: Եվ կգա անվտանգության, բարգավաճման և երջանկության երկա՜ր սպասված դարաշրջանը: Մեր երկնակամարում կփայլատակեն ազատությունն ու ժողովրդավարությունը: Դեպի մեզ կհորդան արևմտյան ներդրումներն ու առաջադեմ տեխնոլոգիաները։ Հայաստանը կվերածվի ամենի ու բոլորի համար անփոխարինելի «խաղաղության խաչմերուկի»։  Մեր հողերով կհոսեն տարանցիկ բեռների անվե՜րջ հոսքեր։ Մեզ կմնա միայն հաշվել կտրոնները: Վերջապես կապրե՜նք: Մանավանդ ու առավել ևս՝ ի հակառակ ու ի խրատ «հետամնաց և թշվառ» Ռուսաստանի:

Խաղաղության ձգտումն, իհարկե, չի կարելի չողջունել։ Մինչդեռ չեն կարող որևէ մտածող հայի մտքով տարրական հարցեր չանցնել։ Ի՞նչ պայմաններով է ենթադրվում խաղաղությունը մի պետության հետ, որի հետ Հայաստանն իրավաբանորեն երբեք պատերազմական վիճակում չի՛ եղել։ Արդյո՞ք խաղաղության պայմանագիրն իսկապե՛ս շահավետ կլինի հայ ժողովրդի համար։ Այն կապահովագի՞ մեր փոքրիկ պետությունը նոր հարձակումներից, թե՞ ավելի մեծ փորձանքներ իր հետ կբերի։

Հոդաբաշխ պատասխաններ չկան: Եվ որտեղի՞ց դրանք լինեն, եթե Փաշինյանին համապատասխան հարցերը նույնիսկ չեն ուղղում։ Լուրջ քննարկումները փոխարինվում են շաղակրատությամբ։  Ադրբեջանի հետ բանակցությունների մասին տեղեկատվությունը հավաքվում է բառացիորեն փշուրներից: Հայ հասարակությանը միտումնավոր պահոմ են անգիտության մեջ, թեև քննարկվում է մեզանից յուրաքանչյուրի և մեր սերունդների համար ճակատագրական նշանակություն ունեցող պայմանագրի արդեն 10-րդ տարբերակը։

Բանակցային գործընթացի բովանդակության վրա լույս սփռելու հույսով մենք չենք զլացել պատասխաններ փնտրել բաց աղբյուրներում։  Դիմել ենք Երևանում իշխանության միջանցքներում Հայրենիքի ճակատագրի համար մտահոգ մեր կոնտակտներին։ Այդպիսիք, փառք Աստծո, կան, թեև, ցավոք, քիչ բանի վրա կարող են ազդել։ Արդյունքները շոկահարում են:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեման ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում լայն տարածում ստացավ 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին այն բանից հետո, երբ Բաքուն առաջարկեց ընդունել միջպետական հարաբերությունների հաստատման որոշ հիմնարար սկզբունքներ։  Ադրբեջանցիների առանցքային պահանջը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է։  Կարճ ասած՝ մեր լիարժեք և վերջնական հրաժարումն Արցախից։  Այն ժամանակ դա ընկալվում էր որպես աներևակայելի և ի սկզբանե անընդունելի մի բան։  Մեր կառավարությունը փրփուրը բերանին հավաստիացնում էր, որ իր հիմնարար պարտքն անսասան է՝ ապահովել ղարաբաղահայության անվտանգությունն ու իրավունքները, որոշել տարածաշրջանի կարգավիճակը Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցությունների միջոցով։ Բանակցություններն էլ ոչ թե Աստված գիտի, թե ինչպիսի, այլ՝ ոչ ավել – ոչ պակաս՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա անցկացվող;

Իրավիճակն արմատապես փոխվեց կես տարի անց։ Ռուբիկոնը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում տարօրինակ քառյակի՝ Ն. Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի և Եվրախորհրդի նախագահ Շ. Միշելի հանդիպման արդյունքներով արված հայտարարությունն էր։ Բնականաբար փակ դռների ետևում մշակված հայտարարությունից մենք զարմանքով տեղեկացանք, որ Փաշինյանն ու Ալիևը երկուստեք ճանաչել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա, որը ԽՍՀՄ փլուզումից հետո օրինականացրել էր նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանների վերափոխումը միջպետականի։
Այլ կերպ ասած՝ Պրահայում Հայաստանի վարչապետն առօրեական կերպով Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության անբաժան մաս։ Նույնը` ասես հուշարարի թելադրանքով, նա ավելի ուշ բազմիցս հրապարակավ կրկնել է՝ մատնանշելով Ադրբեջանի ճանաչված 86600 կմ² տարածքը, որն ինքստինքյան ներառում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։

Պրահայի լակոնիկ հայտարարության չոր տողերը հետադարձ ողբերգական հաշվարկի մեկնարկ տվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի համար։  Նրանց իրավունքների և օրինական շահերի մասին Փաշինյանը Պրահայում անգամ ծպտուն չհանեց, ասես խոսքն ամայի անապատի մասին էր։  Երևի «ամաչեց»։  Ինչպես «ամաչեցին» Միշելն ու Մակրոնը, որոնք ամենուր առիթ-անառիթ մարդու իրավունքների դարդերով են տապակվում։

Ստիպված ենք դառը ճշմարտության աչքերին նայել։  Պրահայում արևմտյան առաջնորդների օրհնությամբ Հայաստանն Արցախին թողեց բախտի քմահաճույքին։ Արդյո՞ք Փաշինյանը պարտավոր էր բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում միջազգային իրավունքի հիման վրա հասնել Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքներին: Իսկական հայի համար հարցը հռետորական է։ Թերևս, էլ ո՞վ պետք է հոգար դրա մասին։  Հո՞ Ալիևը չէ։ Ու ո՛չ Միշելը՝ Մակրոնի հետ: Նրանց համար ընդհանրապես ամեն ինչ հեշտ է. Լեռնային Ղարաբաղում չկան հայեր, չկա նաև այնտեղ ռուսական ռազմական ներկայության պատճառ։

Արդյունքում Հայաստանի Հանրապետության հարյուր հազար քաղաքացի՝ բնակվող Լեռնային Ղարաբաղում, իրենց պատմական հողի հետ միասին ճորտերի պես հանձնվեցին, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը դրան խոչընդոտելու համար մատը մատին չխփեց։  Պրահայի հայտարարության մեջ Ղարաբաղի հայերի մասին ո՜չ մի խոսք չկա։

Այս համատեքստում հատկապես ցինիկ էին հնչում մեր ԱԳՆ ղեկավար Միրզոյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանի՝ խաղաղության պայմանագրում միջազգային վերահսկողության ներքո Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների մեխանիզմի վերաբերյալ դրույթների ներառման անհրաժեշտության մասին հետագա դատողությունները: Նրանք հասկանո՞ւմ էին արդյոք, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ից հետո դա կորցրել է իր իմաստը։  Վստահաբար այո՛։

Թերևս խորհրդանշական է, որ հայկական ազգային դավաճանության ակտը տեղի ունեցավ Պրահայում՝ մի երկրի մայրաքաղաքում, որը 1938թ. հոկտեմբերին արևմտյան հայտնի տերություններիի կողմից (դրանցից մեկը կրկին Ֆրանսիան էր) մատաղ արվեց Գերմանիային: Այժմ իբր հանուն խաղաղության համար զոհաբերությանը ընտրվեցին Լեռնային Ղարաբաղի հայերը։

Այս ընկճող պատմության մեջ ամենատխուրը մեր հասարակության հուլությունն է։  Արցախի և նրա բնիկների (ու դրա հետ մեկտեղ նաև գերագույն գլխավոր հրամանատար Ն. Վ. Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի Զինված ուժերի բաղկացուցիչ մաս կազմող Արցախի Պաշտպանության բանակի) հանձնումը փաստացի աննկատ անցավ։ Ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունից և ո՛չ էլ հայաստանյան ընդդիմությունից որևէ հայտարարություն չի եղել։ Բոլորն ասես բերաններտը ջուր առած լինեին։ Ոչ ոք թե՛ Երևանում ու թե՛ Ստեփանակերտում տեղից չշարժվեց, չբորբոքվեց ու չվրդովվեց։ Հայերը հեշտությամբ փողոց են իրենց շպրտում ի նշան բողոքի շա՜տ ավելի անարժեք պատճառներով, իսկ այստեղ պարզվեց, որ նրանց համար միևնույն է։ Մինչդեռ բորբոքել ու բողոքել էր պետք Պրահայի հավաքույթի արդեն իսկ հաջորդ օրը։ Եթե մենք՝ հայերս, լուռ կուլ տվեցինք սեփական կառավարության դավաճանությունն ու անգամ չպապանձվեցինք, ապա ինչո՞ւ դա պիտի հուզեր որևէ այլ մեկի։ Ոչ ոք իր վրա չի վերցնի մեր մեղքերը՝ արված ոչ այն է՝ կանխամտածված, ոչ այն է՝ աղքատամտությամբ։

Կողմնակի մեղավորներ մոլագար փնտրողների ու «ռուսական թշնամական  ինտրիգներ» բացահայտողների համար մանրամասնեմ․ Պրահայի պայմանագրի հետ Մոսկվան որևէ կապ չունի։ Անգամ մեծ ցանկության դեպքում սլաքներն այդ ուղղությամբ չես փոխի։ Այն ո՜չ մի կապ չունի։ Ռուսներն այդ մասին տեղեկացան պոստֆակտում՝ ԶԼՄ-ներից։ Փաշինյանին պնդերեսաբար խորհուրդներ տվեցին ու այդ անպատասխանատու որոշմանը բերեցին Վաշինգտոնը (ԱՄՆ Պետդեպն առաջինը հավանություն տվեց Պրահայի դավադրությանը), Բրյուսելն ու Փարիզը։ Բայց դա Փաշինյանին ու իր շրջապատին չի՛ խանգարում Մոսկվային մեղադրել այն բանում, որ վերջինս՝ խախտելով ինչ-որ առասպելային պարտավորություններ, չի ապահովել Լեռնային Ղարաբաղի համար հատուկ կարգավիճակն ու հայերի փոխարեն չի պատերազմել Ղարաբաղի համար։ Հոգեբույժերն այս առիթով հստակ ձևակերպում ունեն՝ անձի երկվություն։

Մինչդեռ Փաշինյանը հասարակությանը ջերմեռանդորեն համոզում էր, որ Պրահայում հասել է Հայաստանի սահմանների «անխախտելիության» ճանաչմանը։ Արդյո՞ք դա այդպես է։ Ինչպես հայտնի է՝ Խորհրդային Միության փլուզման պահին Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմաններն առավել հստակ նկարագրված են ԽՍՀՄ Զինված Ուժերի Գլխավոր շտաբի 1974-75թթ․ քարտեզներում։ Չնայած մեր բանակցողների խրոխտ գնահատականներին՝ Բաքուն մնացել է միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման համար «խորհրդային շրջանի քարտեզների ամբողջ ծավալն» օգտագործելու դիրքերում՝ սկսած անցյալ դարի 20-30-ական թվականներից։  Դա նշանակում է, որ ադրբեջանցիները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում երկկողմ բանակցությունների սեղանին ընտրողաբար, իրենց հայեցողությամբ ու քմահաճույքո՛վ կդնեն ա՛յն քարտեզները, որոնք իրե՛նց են ձեռնտու։

Ինչպես ցույց տվեցին Տավուշյան իրադարձությունները՝ Փաշինյանը հակված է տարածքները հանձնել կուլուարային կարգով։ Նա վերջերս ոչ միայն գաղտագողի Բաքվի վերահսկողությանը հանձնեց 4 սահմանամերձ գյուղ, այլև իրեն նեղություն չտվեց այդ ակնհայտ զիջումը կապել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական բանակի կողմից զավթված ավելին քան 200 քառակուսի կիլոմետրի վերադարձի հետ։ Բախվելով հասարակական բողոքի ալիքին՝ Փաշինյանը փորձեց իր գործողությունները ներկայացնել ոչ ավել-ոչ պակաս՝ իբրև Հայաստանի անվտանգության ամրապնդման հարցերում «մեծ հաջողություն» ու «անկյունաքար»։ Իսկ գործնականում Ալիևն իր հնչեցրած անթաքույց սպառնալիքներից հետո ձեռք բերեց սահմանամերձ բնակավայրերն իրենց ամբողջական ենթակառուցվածքներով։  Տեղի բնակիչների շահերը, ինչպես և ղարաբաղցիների դեպքում, անտեսված են։ Իսպառ մոռացան տվյալ շրջանի, որով անցնում է մայրուղային գազատարը և դեպի Վրաստան տանող գլխավոր ավտոճանապարհներից մեկը, ռազմավարական կարևորության մասին։

Միաժամանակ «փակագծերից դուրս» մնաց հայկական բնակավայրերի թիկունքում տեղակայված ադրբեջանական երեք անկլավի խնդիրը։ Բաքուն, ըստ ամենայնի, կշարունակի ճնշում գործադրել սահմանի այդ հատվածում՝ հույսը ոչ առանց հիմքի դնելով Փաշինյանի համաձայնության վրա։

Էլ ինչի՞ հետ է Հայաստանի վարչապետը փոխանակել Արցախի «հանձնումը»: Ոսպային ինչ-որ ջրազանգվածի, որն է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ սահմանին։ Մեզ դրանից այնքա՜ն օգուտ կա, որքան այծից՝ կաթը: Միայն սահմանի անվտանգ հատվածներում ԵՄ-ական «դիտորդների» հեռադիտակներով թափառելը ադրբեջանցիներին չի վախեցնի և չի կանգնեցնի։ Թեև Ալիևը Պրահայում պարտավորվել էր իբրև թե համագործակցել ԵՄ առաքելության հետ, իրականում նա պահանջում է դրա անվերապահ լուծարումը՝ չվարանելով խստորեն խորհուրդ տալ եվրազբոսաշրջիկներին հեռու մնալ ադրբեջանական սահմանից։ Այնուհանդերձ, 2024 թվականի մայիսի 8-ին Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խնդրել է ետ կանչել ռուս սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանի հարավային եզրից, թեև Հայաստանի սահմանապահ ծառայությունը պարզապես ռեսուրս չունի բացված տարածքները արդյունավետ կերպով ծածկելու համար։

Ակնհայտ է, որ Ալիևը Պրահայում լիովին գերազանցեց իր հայ ընդդիմախոսին և տրորեց արևմտականների քթերը՝ ստանալով գլխավորը՝ առանց բնիկ հայ բնակչության նկատմամբ որևէ պարտավորության Լեռնային Ղարաբաղի անվերապահ պատկանելության ճանաչումն Ադրբեջանին։ Փաշինյանին օղաբլիթից միայն անցքը բաժին հասավ: Ալիևից անգամ 29800 կմ² տարածքով Հայաստանի Հանրապետության տարածքի ճանաչման մասին պատասխան հրապարակային հայտարարություն մենք դեռևս չենք լսել։

Սրանով փաշինյանական դիվանագիտության «հաջողությունների» ցանկը չի սպառվում: Միգուցե հաջողվե՞լ է խաղաղության պայմանագրում հասնել տրանսպորտային կոմունիկացիաները փոխադարձաբար ապաշրջափակելու Բաքվի համաձայնության ամրագրմանը` հարգելով կողմերի ինքնիշխանությունն ու իրավասությունը: Իհարկե՜ ոչ: Ալիևը, ինչպես և նախկինում, հավատարիմ է Սյունիքի մարզով անցնելու «միջանցքային» տրամաբանությանը, որպեսզի ադրբեջանցի տարանցիկ ճանապարհորդները կապ չունենան  հայ սահմանապահների ու իրավապահների հետ։ Արդյո՞ք պետք է պարզաբանել, թե ինչով է դա մեզ համար հղի ապագայում:

Մարել են պայմանագրի պահպանման միջազգային երաշխիքների մասին խոսակցությունները։ Բաքուն իսպառ մերժել է պայմանագրի կատարման հարցերի շուրջ անհաղթահարելի տարաձայնությունների առաջացման դեպքում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վրա միջնորդ դատավորի գործառույթները դնելու գաղափարը։ Երևանում համակերպվել են: Այժմ բոլոր վեճերը պետք է կարգավորվեն միայն ադրբեջանցիների հետ, որոնք ոչ մեկի մոտ կասկած չեն առաջացնում իրենց գիշատիչ բնույթի մասին:

Որո՞նք են պաշտոնական Երևանի ստորաքարշության պատճառները: Դեռ 2021 թվականի վերջին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում ռուսական միջնորդությունը ետ մղելու նպատակով Փաշինյանն այս կողմ-այն կողմ ընկավ։ Նա այս պարագայում նախընտրում է Փարիզը, Վաշինգտոնն ու Բրյուսելը։ Ուկրաինայի պատերազմը խթանեց իրադարձությունների նման զարգացումը։ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության վտարումից հետո Փաշինյանն ընդգծված երես թեքեց Ռուսաստանից՝ Հայաստանի ճակատագիրն ամբողջությամբ հանձնելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ձեռքը։ Բոլորը, հավանաբար, հիշում են Բրյուսելի՝ միմյանց հաջորդող գագաթնաժողովները, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այցերը Վաշինգտոն, Պրահայում, Քիշնևում և Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի նիստերի «դաշտերում» հանդիպումները։

Սակայն ամերիկացիները արագ հասկացան, որ հայ-ադրբեջանական բանակցություններն իրենց հսկողության տակ պահելը հնարավոր է միայն զիջող Հայաստանի կողմից զիջումների հաշվին։ Ադրբեջանը նրանց համար չափազանց կոշտ պատառ է։ Ժամանակն է գիտակցել, որ ԱՄՆ-ն նախկինի պես ուժեղ է, բայց արդեն հեռու է ամենազոր լինելուց: Իսկ ի՞նչ է վերջնահաշվում մնում: Վաշինգտոնի մենաշնորհային հսկողության ներքո խաղաղության պայմանագրի նախագծի վրա մեկուկես տարվա աշխատանքի ընթացքում (Փաշինյանը ընդգծված անտեսում է Մոսկվային) հայկական ելակետային մոտեցումներից քարը քարի վրա չմնաց։ Մենք եկել ենք նրան, որ պայմանագիրն իրենից ներկայացնում է մի տեքստ, որն ԱՄՆ-ի թողտվությամբ թելադրված է Բաքվի կողմից։ Ինչպե՞ս է կոչվում մի կողմի կողմից պարտադրված պայմանագիրը: Ինչպե՞ս է կոչվում պայմանագիրը, որը պարտադրվում է կողմերից մեկի կողմից։ Ճի՛շտ է` կապիտուլյացիա:

Ի տարբերություն շփոթված Փաշինյանի՝ Ալիևն իրեն պահում է որպես ռազմավարական մտածողությամբ պետական գործիչ, այլ ոչ թե խորամանկ գավառական։ Նա գիտի իր և իր երկրի արժեքը։ Ադրբեջանի ղեկավարը վարում է իր խաղը, իսկ Հայաստանի վարչապետով խաղում են: Ալիևին չի կարելի գնել ուսերին թփթփացնելով և ամերիկյան խրախուսական հաճոյախոսություններով: Նա բոլորին սովորեցրել է, որ  իր հետ վերևից ներքև չի կարելի խոսի: Չեք կարող նրա ձեռքերը ոլորել: Արևմտամետ գրանտակերները վաղուց Ալիևի ամուր կրունկի տակ են։ Ադրբեջանին պատժամիջոցներ չեն սպառնում։ Նման ինքնուրույնություն և սեփական արժանապատվության զգացում Փաշինյանը երազում էլ չի տեսել։

Նրա արևմտյան հովանավորները բացահայտ պնդում են, որ իրենց նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։ Ինչպես պարզվում է՝ ձեռքի հետ մոռացության ենք տրվում մենք՝ հայերս: Մեր ազգային շահերի հետ կապված Արևմուտքը մեծ հաշվով ո՜չ մի գործ էլ չունի։ Եթե Մոսկվայի պարտության գինը Հարավային Կովկասում հայկական պետության կործանումը կլինի, ապա Վաշինգտոնն ու նրա արբանյակները կգնան նաև դրան։ Այսպիսին են ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդության արդյունքները։ Այդպիսին է ամերիկյան վասալների ճակատագիրը։

Ոչ ոք ժամանակ չունի հարևան Վրաստանին քննադատաբար նայելու: Չգիտես ինչու՝ նրա աննախանձելի փորձը մեզ ոչի՜նչ չի սովորեցնում: Ինչպես էին վրաց կառավարիչներն անցած երեք տասնամյակների ընթացքում փորձում մինչև բոլորովին վերջերս ամեն ինչում հաճոյանալ Վաշինգտոնին, բայց առևտրատնտեսական նախապատվությունների սպասվող ոսկե տարափի, ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու փոխարեն, նրանք ստացան անկարգապահ հասարակական կազմակերպությունների ոհմակ ու կորցրեցին Աբխազիան և Հարավային Օսիան։

Վերջին բազմանշանակալից օրինակը։ Ալիևը խաղաղության պայմանագրի կնքումը խստորեն կապել է Հայաստանի սահմանադրությունից ու հանրապետության օրենսդրական և նորմատիվ այլ ակտերից Արցախին ցանկացած հղման վերացում։ Սահմանադրական փոփոխումները «Հայաստանի ներքին գործ» անվանելով՝ փաշինյանականների՝ սեփական դեմքը պահպանելու թույլիկ կծկումները մարեցին անմիջապես այն բանից հետո, ինչ տարածաշրջան այցելելց ԱՄՆ-ից հերթական էմիսսարը՝ Ջեյմս Օ՛Բրայենը։ Նրա հրահանգները Փաշինյանին ստիպեցին փոխել տոնայնությունը։ Հիմա նա խոնարհաբար հեռարձակում է «հնացած» Սահմանադրության հասունացած սրբագրման մասին, որը մեզ «բաժին է հասել նախկիններից»։  Ինչպես ասում էր հավերժահիշատակ Գորբաչովը՝ «գործընթացը սկսվեց»։

Առայժմ Փաշինյանը խուսափում է ուղիղ ասել, որ իր առաջնային խնդիրը երրորդ հանրապետության գլխավոր օրենքից Արցախի հետ կապը հանելն է։ Ամենայն հավանականությամբ վայ-վարչապետը միանգամայն հնարավոր է համարում, որ օվկիանոսից այն կողմ չեն սգա, եթե դրսի հրահանգով մեր սահմանադրության «զտումը» խորտակի իրեն իբրև քաղաքական գործչի։ Ավելին՝ ամերիկացիներին ձեռնտու է Նիկոլի վրա բարդել նվաստացումների ու խայտառակությունների բեռը, որը 2020 թվականից ի վեր թափվում է Հայաստանի վրա, այսինքն՝ նրա միանձնյա կառավարման ժամանակշրջանում, այլ ոչ թե «նախկինների»։ Հայաստանում քեռի Սեմի պահեստայինների նստարանը երկար է։ Անմիջապես նոր հնազանդ խաղացողին կհանեն խաղադաշտ։ Ավելի ճիշտ՝ խամաճիկին։ Դժվար չէ կանխտեսել հետևանքները հայկական պետականության համար։

Արտակ Սարգսյան