Ե՛վ հեծանիվ քշողը, և՛ ակցիա անողները՝ բոլորը պատրաստվում են 2026-ի ընտրություններին. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հարցազրույցը Mediahub.am-ին:

«Ինչպես հայտնի է՝ 2026թ․ Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Անզեն աչքով կարելի է տեսնել, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները, արդեն մի քանի ամիս է, ակտիվ պատրաստվում են ընտրություններին։

Փաշինյանն այցելում է գյուղեր, մարդկանց հետ հաց պատրաստում, ուտում, ծանոթանում նրանց խնդիրներին, հարցնում՝ ինչի՞ց են դժգոհ, և այս ամենը, անշուշտ, քարոզարշավի մաս է:

Պոպուլիստական քայլերն էլ անպակաս են՝ հեծանիվ վարել, սպորտով զբաղվել, կնոջ հետ ընտանեկան առօրյան հանրայնացնել:

Իսկ ո՞ւր է ընդդիմությունը, արդյո՞ք ընդդիմադիր գործիչները, կուսակցությունները պատրաստվում են 2026թ․ ընտրություններին, և ի՞նչ ակտիվություն սպասենք աշնանը Հայաստանի ներքաղաքական կյանքում․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հետ։

«Պետք չէ բաժանել աշնան, ձմռան, գարնան ու ամռան: Իհարկե, Հայաստանի քաղաքական գործընթացները ավելի ակտիվ են լինում գարնանը և աշնանը՝ հաշվի առնելով և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ որոշ գործոններ, բայց կանխատեսումներ չեմ ուզում անել։ Սակայն, բոլոր լուրջ ուժերը, որոնք ունեն էլեկտորատ, պատրաստվում են ընտրություններին, քաղաքական դաշտում նկատելի է ուժերի ակտիվ նախապատրատությունը»,– նշեց Բաբայանը։

Բաբայանը, ըստ էության, արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը ցածր է գնահատում: Նրա խոսքով՝ մեծ հաշվով մնում է 2025 թվականը, սակայն 2025 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելը կլինի անհավանական։

Մեր զրուցակցի խոսքով՝ լուրջ էլեկտորատ ունեցող ուժերը պատրաստվում են, և բոլոր տեսակի շարժումները, փողոցային գործընթացները, քաղաքական հայտարարությունները, որոշակի ակցիաները ինքնին կրում են ճանաչողական բնույթ, և ինչ–որ պահի էլ կարող են դիտվել որպես նախընտրական: Թեև, ըստ Բաբայանի, անպայման չէ իշխանության հետ նույնն անել, որ պարզ լինի՝ տվյալ կուսակցությունն էլ է պատրաստվում։ «Իմ կարծիքով՝ բոլորն էլ պատրաստվում են»,– ասաց Բաբայանը։

Իսկ ի՞նչ սպասել կոնկրետ ընդդիմությունից։

«Իմ կարծիքով՝ կա դեռևս ժամանակ ճիշտ ֆորմատներով հանդես գալու և այդ ֆորմատներով փորձելու ընտրությունների միջոցով հասնել նպատակին, բայց թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները՝ պետք է նայել նաև տարածաշրջանի և աշխարհի իրադարձություններին։ Մասնավորապես, ինչպիսի՞ ուժեր կգան ԱՄՆ–ում իշխանության նոյեմբերի ընտրությունների արդյունքում, ինչպիսի՞ խորհրդարան կձևավորվի Վրաստանում հոկտեմբերին, ռուս–ուկրաինական պատերազմը ո՞ր փուլում կավարտվի կամ ինչպիսի՞ շարունակություն կունենա. այս բոլոր հարցերը աշխարհաքաղաքական գործընթացներ են, որոնցից անմասն չի կարող լինել Հայաստանը։ Այս բոլոր գործընթացներն ազդելու են Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա»,– նշեց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահը։

Արդյո՞ք հասարակությունը պատրաստ է մասնակցել ընդդիմադիր տարբեր շարժումներին, թե՞ «հիասթափված է»: Բաբայանը կարծում է, որ 2020թ․–ի իրադարձություններից հետո հասարակությունը, ընդհանուր առմամբ, ավելի հիասթափված է, սակայն քաղաքական գործընթացները չեն հարցնում՝ ով է հիասթափված, ով՝ ոչ, կյանքը շարունակվում է։

«Եվ եթե հասնի 2026թ․ հանգրվանը, ապա այնպիսի ընդդիմադիր այլընտրանքային ուժ պետք է ձևավորվի, որ մրցունակ լինի այսօրվա իշխանության հետ ու կարողանա հաղթանակ ձեռք բերել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մարիաննա Արամյան»