Դպրոցի ճանապարհը հայ ծնողների համար արժենում է ամենաքիչը 50000 դրամ. սեպտեմբերի 1-ին ընդառաջ
Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ակտիվ եռուզեռ է սկսվել հատկապես առեւտրի կենտրոններում. ծնողները շտապում են գնումների՝ փորձելով իրենց փոքրիկների համար ապահովել ամեն ինչ։ Չգրված օրենք է՝ սեպտեմբերի 1-ին դպրոց պետք է գնալ դպրոցական նոր համազգեստով, ապահովված անհրաժեշտ գրենական պիտույքներով։
Մեկ երեխայի դպրոցական համազգեստը՝ ամենահամեստ հաշվարկներով արժենում է նվազագույնը 50.000 դրամ՝ շապիկներ, կիսաշրջազգեստ, տաբատ, կոշիկ, մարզակոշիկ, մարզահագուստ, դպրոցական պայուսակ։ Իսկ եթե ընտանիքն ունի 2-3 դպրոցական, ապա թվերն արդեն կրկնապատկվում են։
Երկու դպրոցական աղջիկների մայրը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի օնլայն հարթակների միջոցով է պատվիրել համազգեստը։
«Որոշ ապրանքներ ինտերնետով եմ պատվիրում, օրինակ՝ հագուստ։ Երեխաս չափսերի խնդիր չունի, որոշ կայքերից կարողանում եմ ձեռք բերել, հակառակ դեպքում շատ թանկ կնստեր, այդպես մի փոքր խնայում եմ»,- ասում է Մարինեն, որն այս տարի արդեն ունի երկու դպրոցական՝ առաջին եւ երրորդ դասարան։
«Գիտե՞ք, հիմա ինչ դժվար է երիտասարդ ընտանիքների համար, ծախսերը շատ են»,- նշում է Մարինեն ու ավելացնում, որ ուսումնասիրել է գներն ու համոզվել, որ եթե Հայաստանի խանութներից ձեռք բերի հագուստ և գրենական պիտույքներ, ապա ամենաքիչը 50.000 ծախսելու կարիք կլիներ՝ միայն մեկ հոգու համար։ Դպրոցական որակյալ միայն պայուսակն արժե մոտ 25000 ՀՀ դրամ։ Երկու դպրոցականի համար կարիք կլիներ ծախսել մոտ 100.000 դրամ։
Գրենական պիտույքներ նախապես գնել, Մարինեն խորհուրդ չի տալիս. ասում է՝ նախորդ տարի նախապես գնել էր, բայց դպրոցում պիտանի չեղավ, քանի որ այլ բան էին պահանջել, ուստի առավել ճիշտ է սպասել ուսումնական տարվա մեկնարկին եւ գնել այն, ինչը կասեն դպրոցում։
«Գնելու շատ բան կա», — ասում է մեկ այլ ծնող՝ Սոնա Անանյանը , ում դստրիկն այս տարի երրորդ դասարանում կսովորի։ «Դպրոցի ճանապարհը հայ ծնողների վրա ամենաքիչը նստում է 50000 դրամ»,- վերահաստատում է նա։ Իսկ պատանեկան տարիքի որդի ունեցող Գայանեն նշում է, որ ավելի գլոբալ է իրական կրթական ներդրումային ծախսերը։
«Տղաս 16 տարեկան է, պարապելու շրջանն է մոտենում, ես հակված եմ կրթության վրա չխնայելուն, եթե ուզում ես զավակդ լավ մարդ դառնա, հասարակության համար պիտանի անձ ու հետո էլ կարողանա ընտանիք պահել,ապա կրթության ծախսը պետք է համարել ներդրում»,- ընդգծում է Գայանեն՝ հավելելով, որ դեռ չեն հաշվարկել, թե այդ ներդրումը, այն է՝ կրկնուսույցների հետ պարապելը որքան կարժենա։