Ագրեսոր Ալիևը Հայաստանին է մեղադրում խաղաղություն չցանկանալու մեջ
Չնայած ՀՀ իշխանությունների կողմից «կառուցողական Ալիևի» մասին մեղմ հայտարարություններին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է կոշտ հռետորաբանությունը. Հայաստանին մեղադրում է զինվելու, տարածքային պահանջներ ունենալու մեջ՝ հավանաբար իր հետագա ագրեսիվ գործողություններն արդարացնելու համար։
«Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից և արևմտյան այլ երկրներից և իր տարածքում երրորդ երկրների հետ զորավարժություններ է անցկացնում»,- հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի խորհրդարանականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Ալիևը հերթական անգամ նշել է, որ «ՀՀ Սահմանադրությունը պետք է բարեփոխվի, իսկ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները պետք է վերացվեն»։
Ալիևը նաև նշել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված ինստիտուտները կորցրել են իրենց արդիականությունը, դրանց պետք է ամբողջությամբ վերացվեն»։
Ադրբեջանի ագրեսորը տարակուսանք է հայտնել, որ Հայաստանը ցանկանում է պահպանել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը։
Եթե հակամարտությունն ավարտված է, և Հայաստանի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին, ապա ի՞նչ կարիք կա Մինսկի խմբի՝ ասում է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը չի մոռացել ևս մեկ անգամ Հայաստանին մեղադրել «խաղաղություն չցանկանալու մեջ» և նորից պնդել նախկինում հնչեցված կեղծ թեզը, թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելով։