Արմեն Աշոտյանի գործով առանցքային վկան ներկայացել է դատարան․ նրա հարցաքննությունը չի լուսաբանվում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով առանցքային վկայի հարցաքննությունն իրականացվում է փակ ռեժիմով։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։
Առանցքային վկա Կարեն Հակոբյանը, որը պարբերաբար խուսափում էր նիստերին ներկայանալուց, այսօր, ի վերջո, ներկայացել է։ Այս պահին դատարանում շարունակվում է նրա հարցաքննությունն այն տեղից, որտեղից ընդհատվել էր։ Հարցաքննությունը, սակայն, չի հեռարձակվում․ դատարանը թույլ չի տալիս այն լուսաբանել։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան