Փաշինյանի կառավարությունը փակեց իր բացած առաջին ՊՈԱԿ-ը

Կառավարությունը լուծարեց «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Այս կազմակերպության ստեղծումը եղել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո առաջին որոշումներից մեկը, որը կայացվել է 2018թ. մայիսի 11-ի N 559-Ա որոշմամբ։

Համաձայն լուծարման հիմնավորման, կառույցի գործունեության առարկան և նպատակներն են սահմանվել տակտիկատեխնիկական առաջադրանքների առաջադրմամբ հատուկ գիտատեխնիկական աշխատանքների իրականացման կարգավորումը և մշակման ու շահագործման ամբողջ ընթացքում գիտատեխնիկական ուղեկցումը, զինված ուժերի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պլանների հիման վրա գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման դրվածքների առաջադրումը, հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու նախադրյալների ստեղծումը, ինչպես նաև թույլատրվել է իրականացնել տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն: 2023 թվականին հաստատվել են Պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունները և դրանց հիման վրա հստակեցված գործառույթներն ու կառուցվածքը, որոնց շրջանակներում նախարարության կառուցվածքում զինվորական ներկայացուցչությունների բաժնի, գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության և գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության գործող ռազմատնտեսական վարչության գործառույթներում ներառվել են կազմակերպության գործունեության մի շարք ուղղությունները և կառավարչական, գործառույթների չկրկնման ու միջոցների օպտիմալացման տեսանկյունից նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունը:

2024թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմակերպությունը դեբիտորական և կրեդիտորական պարտքեր չունի, 28.06.2024թ. դրությամբ ըստ կազմակերպության կողմից ներկայացված հայտերի ֆինանսավորումը կազմել է 36,669.00 հազ. դրամ: