Ալեն Սիմոնյանը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարքի ուշադրությունն է հրավիրել ԼՂ հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:

Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ուրախ է հյուրընկալել Կաթողիկոս-Պատրիարքի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում ու ողջունել վերջինիս այցը Հայաստան Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր տաճարի վերաօծմանը մասնակցելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ կաթոլիկ համայնքի` հայկական մշակութային արժեքների նկատմամբ անվերապահ հոգատարությունը և նշել, որ հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջեւ:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար:

Ալեն Սիմոնյանը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարքի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների ու Լեռնային Ղարաբաղի հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Զրուցակիցները քննարկել են նաև խաղաղության օրակարգին վերաբերող և երկկողմ հետաքրքրության այլ հարցեր: