Պատկերացրեք ցեղասպանությունը ճանաչած այդ երկրների էլիտաների կարծիքը Հայաստանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարությունից հետո․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․

«Պատկերացրեք հայ մտավորականներին, գործարարներին, կարծիքի առաջատարներին, մշակութային գործիչներինб ովքեր ապրում են այն երկրներում, որտեղ պետականորեն ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը այսօրվա Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունից հետո:

Կամ պատկերացրեք ցեղասպանությունը ճանաչած այդ երկրների էլիտաների կարծիքը, երբ կլսեն, որ Հայաստանը փակում է այդ էջը ու էստեղ խնդիրը ամենևին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ չէ, այլ մեր պատմության ուրացման և մեր ինքնության մուտացիայի մեջ է:

Սա մեծ անձնական ողբերգություն է լինելու հատկապես այն մարդկանց համար, որոնք տասնամյակներ շարունակ կյանք են դրել այդ հարցի միջազգային ճանաչման համար: Եվ նրանք իրենց ամենավատ երազում անգամ չէին կարող պատկերացնել, որ կգա մի օր ու Հայաստանը եղեռնը կհամարի պատմաբանների քննարկման թեմա:»