Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի այսպիսի նրբության վրա բոլորի ուշադրությունը հրավիրել. հատկապես վերջին շրջանում ես շատ եմ ընդգծում պետական բյուջեի՝ որպես ՀՀ քաղաքացիների ընտանեկան բյուջեի հայեցակարգի հատվածը, և իհարկե, այս պրոցեսի հետ ՊԵԿ-ը և նրանում տեղի ունեցող փոփոխությունները, բարեփոխումները շատ էական դեր ունեն, որովհետև մեր ընկալումը հենց ընտանեկան բյուջեի տրամաբանության մեջ հետևյալն է. ՊԵԿ-ն ուժային պատժիչ կառույցից քայլ-քայլ պետք է վերածվի ծառայություններ մատուցող կառույցի, ինչը պարոն Բադասյանի պաշտոնավարման ընթացքում էականորեն տեղի է ունեցել: ՊԵԿ-ից Քննչական վարչության տեղափոխումը Քննչական կոմիտե այս տրամաբանությունն ունի, նաև տնտեսվարողների համար հարկերի վճարումը՝ որպես ծառայություն առավել հարմարավետ դարձնելու, տնտեսական գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու առումով»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էդուարդ Հակոբյանին և մաղթել հաջողություն ՊԵԿ նախագահի պաշտոնում: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ պրոցեսների ժառանգականությունը կապահովվի: Երկրի ղեկավարը նկատել է, որ Հակոբյանը վերջին երկու տարիներին աշխատել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում և ուղիղ առնչություն ունեցել ՊԵԿ-ի հետ աշխատանքի, քաղաքականությունների մշակման հետ: «Քաղաքական խնդիրը, որ դնում եմ պարոն Հակոբյանի առաջ՝ հետևյալն է. պոզիտիվ բովանդակությունը պետք է ճիշտ կառավարվի և այդ պոզիտիվ հարթության վրա մենք պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը՝ ոչ մի րոպե չշեղվելով բարեփոխումների օրակարգից և չմոռանալով, որ բարեփոխումների առանցքային նպատակը պետական եկամուտներն ապահովելն է, ինչն ակնհայտորեն ՊԵԿ-ի և, ընդհանրապես, Կառավարության առաջնային խնդիրն է»,- ասել է վարչապետը: