Իշխանություն ունեցողներն ավելի հաճախ են «ձախ գնում»

Նոր հետազոտությունը հավաստիացնում է, որ անհավատարմության հավանականությունը «զգալիորեն բարձր է» այն մարդկանց շրջանում, ովքեր իշխանություն ունեն, գրել է NYP-ը։

«Ռոմանտիկ հարաբերություններում իշխանության այդ դինամիկան կարող է հանգեցնել այն բանին, որ ավելի ազդեցիկ զուգընկերը կմտածի, որ ավելի շատ է տալիս, քան իր ոչ այնքան ազդեցիկ զուգընկերը»,- ասել է պրոֆեսոր, Ռայհմանի եւ Ռոչեսթերի համալսարանների հետազոտության առաջատար հեղինակ Գուրիտ Բիրնբաումը։

«Իշխանություն ունեցողները կարող են դա դիտարկել որպես այն բանի նշան, որ իրենք ավելի շատ հնարավորություններ ունեն հարաբերություններից դուրս եւ որ իրենք ավելի ցանկալի զուգընկերներ են ընդհանուր առմամբ»,- նշվել է հետազոտությունում։ Նման մարդիկ նաեւ իրենց ավելի բարձր են դասում իրենց զուգընկերներից։

Այս դինամիկան դրսեւորվել է նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ Սպիտակ տան ստաժոր Մոնիկա Լեւինսկիի միջեւ տխրահռչակ կապում։ ԱՄՆ նախկին նախագահը դավաճանել էր կնոջը՝ Հիլարի Քլինթոնին, որը հետագայում դարձավ պետքարտուղար։

Հետազոտողները չորս փորձ են կատարել մասնակիցների հետ, որոնք գտնվել են բազմամյա հետերոսեքսուալ հարաբերությունների մեջ չորս ամսից ոչ պակաս։

Առաջին եւ երկրորդ փորձերի մասնակիցներին խնդրել են նկարագրել, թե երբ են իրենց ավելի ուժեղ զգացել՝ նախկի՞ն, թե՞ ներկայիս զուգընկերոջ նկատմամբ։

Դրանից հետո նրանք նկարագրել են սեքսուալ ֆանտազիան ինչ-որ մեկի մասին, ով չի եղել իրենց զուգընկերը, կամ դիտել են անծանոթների լուսանկարներ եւ որոշել, թե նրանցից ում հետ կդիտարկեին սիրավեպի հնարավորությունը։

Երրորդ փորձում մասնակիցները նկարագրել են իշխանության դինամիկան իրենց ռոմանտիկ հարաբերություններում՝ իրենց սեքսուալ հակումը գնահատելուց առաջ։

Չորրորդ խմբի մասնակիցներին հանձնարարել են գնահատել իրենց իշխանությունը եւ զուգընկերոջ իշխանությունը եւ հայտնել ցանկացած սեքսուալ գործողության մասին որեւէ մեկի հետ, ով չի եղել իրենց զուգընկերը, ամեն օր, երեք շաբաթվա ընթացքում։

Արդյունքում՝ փորձագետները եկել են այն եզրահանգման, որ իշխանության ընկալումը զգալիորեն կանխորոշում է մարդու հետաքրքրվածությունն այլ մարդկանցով։

«Նրանք, ովքեր իշխանության ավելի բարձր զգացողություն են ունեցել, կարող են զգալ իրենց պարտավորություններն անտեսելու մոտիվացիա եւ գործել ցանկությունների համապատասխան կարճաժամկետ ինտրիգների համար»,- ասել է պրոֆեսոր Հարի Ռեյսը։