Պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ՝ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղն ու ամսաթիվը. Միրզոյան

Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի շոշափելի պտուղներ տալ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ՝ որոշելու խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղն ու ամսաթիվը։ Այս մասին Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Տանյա Ֆայոն նշեց, որ գնահատում են խաղաղությանն ուղղված հայկական կողմի ջանքերը։ «ՈՒրախ եմ, որ տարածաշրջանում եմ այս օրերին, երբ և Հայաստանը և Ադրբեջանը կարևոր քայլ առաջ են կատարել՝ երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու ուղղությամբ։ Սա ոչ միայն տարածաշրջանի համար դրական զարգացումների կհանգեցնի, այլ յուրահատուկ հնարավորություն է երկու կողմերի համար խաղաղության համաձայնագիր ունենալու։ Ես գնահատում եմ այն մեծ աշխատանքը, որ Հայաստանը կատարում է այս ուղղությամբ։ Խաղաղությունը կարևոր է յուրաքանչյուր երկրի համար, մենք քաջալերում և ողջունում ենք խաղաղության համաձայնագրի տեքստի ամփոփումը, հուսանք, որ ստորագրությունը շուտով կլինի, որն էլ կհանգեցնի տարածաշրջանում լարվածության նվազեցմանը»։