44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին. Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանը հորդորում է զեկույցում սենսացիաներ չփնտրել։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Դա կլինի սեպտեմբերի 27–ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի առաջին կամ երկրորդ օրը։ Սեպտեմբերի 27-ը շաբաթ օր է, հետևաբար կա՛մ սեպտեմբերի 30-ին, կա՛մ դրա հաջորդ օրը լիագումար նիստում ԱԺ նախագահը հարցը կներառի խորհրդի նիստում, ու վերջնական օրը կորոշվի»,– նշեց Քոչարյանը։
Հարցին, թե ինչու այս նստաշրջանում չի ներկայացվում զեկույցը, նա պատասխանեց` ճիշտ է սեպտեմբերին դա անել, քանի որ սեպտեմբերի 27-ն էլ սիմվոլիկ օր է, քաղաքական բոլոր առումներով էլ կրքերը շատ հանգստացած կլինեն։
Քոչարյանի խոսքով` փաստաթղթում մեծածավալ աշխատանքն է արված, ու այն պետք է անհետևանք չմնա։ Ըստ նրա` զեկույցը պետք է լինի գաղտնի բաժնում, գաղտնիության ծավալն էլ այնքան մեծ է, որ նիստը փակ պետք է անցկացվի։
«Կարծում եմ` զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որպեսզի ամեն մեկը զեկույցից բխող եզրակացությունների հետ կապված եզրահանգումներ անի»,– նշեց իշխանական պատգամավորը։
Պատասխանելով հարցին` արդյոք պետք է բացահայտումների սպասել` Քոչարյանը նշեց` պետք չէ փնտրել սենսացիաներ, այլ հետևանքների վերացման խնդիրների բացահայտում։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվեց 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։
Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեռ 2023–ի դեկտեմբերի 1–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը առաջիկա 1.5–2 ամսվա ընթացքում կկազմի զեկույց և կներկայացնի ՀՀ ազգային ժողովին։
Հաշվետվությունը մինչ օրս չի հրապարակվել։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս տարվա մարտին հայտարարեց, որ զեկույցը հասանելի կլինի 2025 թվականին Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։
